Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/145

Այս էջը հաստատված է

գլխին, քարշ էր գալիս յուր գործերի ետևից։ Սպասավսրներից նրա մոտ մնացել էր միայն իմերել Քիտեսը։ Նա Ճանճուր Իվանիչի համար և′ թեյ էր պատրաստում, և′ խորոված էր խորովում, և′ նրա չաքմեքն էր մաքրում, հարկավոր ժամանակ նաև փոստը նամակ էր տանում։

Մի օր երեկոյան պահուն, Ճանճուր Իվանիչը, փողոցից տուն վերդառնալով, միայնակ նստած էր պատշգամբի վրա, նրա աոջև հենարանի վրա դրած էր մի բաժակ թեյ, նրա մոտ մի կտոր շաքար։ Բայց տաք ըմպելին վաղուց սառել էր, և Ճանճուր Իվանիչը, պաշարված խառն մտածություններով, մոռացել էր խմել։

Հանկարծ երևան եկավ Սամիլ Պետրովիչը։

Տեսնելով մոցիքուլին, Ճանճուր Իվանիչի թխպամած դեմքը մի փոքր պարզվեցավ, ինչպես մինը, որ հեռվից նշմարում է յուր ավետաբերը։

— Բարով, բարով, Սամիլ Պետրովիչ,— գոչեց Ճանճուր Իվանիչը։— Հե′ր օրհնած, ո՞ւր իս, էսքան վուխտ չիս էրևում, աչքիր տրաքեցան քու ճամփեն մտիկ տալով։

— Բարով,— կրկնեց Սամիլ Պետրովիչը՝ ձեռք տալով Ճանճուր Իվանիչին, ապա կարտուզը վեր առավ գլխից և նստեց։

— Ո՞ւր իս, էսքան վուխտ է չիս էրևում,— դարձյալ հարցրեց Ճանճուր Իվանիչը։

— Ո՞ւր պտիմ ըլի, քիզ համա չալիշ իմ գալի,— պատասխանեց Սամիլ Պետրովիչը։— Դուն քու գուրծերի ետնեն իս, իսկի խաբար չունիս, էլ չիս ասում, վուր Սամիլ Պետրովիչի հոգին դուս էկավ դես ու դեն ման գալով, վուր քիզ համա փեսա ճարե։

— Դե′ լավ, մունաթ մի′ դնի․ մաշ վո՞ւնց, գանա իմ աղբեր չի՞ս դուն, վուր իմ փիքրը չքաշիս, մաշ ո՞վ պիտի քաշե,— պատասխանեց Ճանճուր Իվանիչը կեղծավորելով։— Ա՜յ, տղա, Քիտես, չա′յ։

Քիտեսը շուտով մատուցարանի վրա բերավ թեյ։ Սամիլ Պետրովիչը մի քանի կում ընդունելով ասաց․

— Ի՜նչ լավ չայ է, ի՜նչ լավ համ ու հուտ ունե։

— Հա, խիստ լավն է,— պատասխանեց Ճանճուր Իվանիչը․— Խալաթովի քարվանսարի թուրքի ղազաղներեմեն գրվանքեն վեց աբասով իմ առի։

Բայց թեյը ամենաանպիտան թեյ էր, ո′չ համ ուներ և ո′չ հոտ, մանավանդ որ պատրաստված էր իմերել Քիտեսի ձեռքով;

Բայց, ինչպես մեր ընթերցողին հայտնի է, Ճանճուր Իվանիչը