Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/154

Այս էջը հաստատված է

նա, թե այժմ կոչվում է Ռոշֆորը յուր քաղաքի և դրանով շահել է իրան համար ավելի քան քսան, երեսուն հազար մանեթ. բայց ես ու դու, մեր մագիստրի ու դոկտորի դիպլոմներով, ծախսի փող էլ չունինք։

— Այդ Ինչի՞ց է:

— Պատճառը խիստ պարզ է. նա տիրացու Սաքոյի որդի Խաչատուրն է, բայց այժմ կոչվում է Խրիստաֆոր Դիաչկով, կին բերեց յուր հետ մայրաքաղաքից և պարտավոր է կուռքի նման նրան պաշտել... բայց մեր ճակատին կարդացվում է ուրիշ բառ, և մենք պարապում ենք, որպես նա ճշտությամբ արտասանեց, դատարկ բաներով դու քո հայոց քերականությամբ և բառարանով, իսկ ես իմ՝ «Հայկական կյանքով»...։

— Մի այդպիսի բախտ, որ ժառանգել է նա, ամենևին նախանձելի չէ,— պատասխանեց Արամյանը,— որովհետև Վասակները միշտ շահում են ոսկի։

— Իրավ նախանձելի չէ, բայց մի...

— Մի՞թե... այլապես չէր կարելի ապրել։

— Այո՛, մենք կարող էինք ապրել, եթե ուսած լինեինք կոշկակարություն կամ դերձակություն, բայց մենք սպառեցինք մեր առողջությունը և լցրինք մեր գլուխը չոր ու ցամաք ուսմամբ...

— Բայց մենք երբեք չենք ցանկանալ վասակություն գործել՝ մեծաքանակ ռոճիկ ստանալու համար, մենք կմնանք ճշմարիտ հայ, որպես ենք, կսիրենք մեր ազգը և կկերակրվենք նրա սեղանից,— պատասխանեց Արամյանը դրականապես։

— Այդ կլիներ, եթե հայ ազգը կատարեր յուր փրկչի խոսքը, թե «պետք չէ յուր մանուկների հացը ձգել օտարներին»։ Բայց դժբախտաբար մենք մեր ազգի սեղանի փշրանքներից էլ գուլւկ ենք մնում։

— Ի՞նչ ենք գործում մենք ազգի համար, որ նա պարտավորվի մեզ հաց տալ։

— Իրավ, մենք դեռ ոչինչ չենք գործել, և իմ ցանկությունս այդ չէ, որ մենք Կոջորում, մեր սենյակում սիգար ծխենք և ազգից ձրի հաց պահանջենք, այո՛, հարկավոր է նախ և առաջ գործել։ Բայց գլխավոր հարցն այստեղ այն է, որ մեր ազգը այնպիսի սարսափելի կերպով մոլորված է դեպի օտարազգիք, որ յուր օգուտը տալիս է օտարներին։ Օրինակի համար՝ դու բաց արա ուսումնարան օրիորդաց համար, որի մասին շատ անգամ հայտնել ես քո ցանկությունը. հավատացնում եմ քեզ, որ ոչ ոք չի հոժարիլ քեզ աշակերտուհի հանձնել, թեկուզ հոգին սուրբ էլ լինիս և մի րոպեում նրանց