Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/156

Այս էջը հաստատված է

Արամյանից լսելով փիլիսոփայության և իրավաբանության մագիստրոսի անունը, նա հույս ուներ տեսնել մի որևէ գերբնական էակ։ Բայց Քաջբերունու դեմքի կոշտ գծագրությունը, Նրա սառն և անփույթ վարվեցողությունը, որոնք մանուկ կուսի աչքում հասնում էին մինչև անքաղաքավարության, հաճելիր տպավորություն չգործեցին նրա սրտին։ Այնուամենայնիվ, նա չէր կարողանում հասկանալ, թե ի՞նչ կարող էր գտնվել մի այդպիսի տարապայման գոյության մեջ այնպես հրաշալի, որ պատճառ էր տվել Արամյանին, ինչպես հայտնի էր, պաշտել նրան, որպես մի գերբնական էակի։

Նրանց աոաջին խոսակցությունը եղավ, ինչպես սովորաբար լինում է, ոչ այնքան նշանավոր։ Տիկին Բարբարեն հարցրեց Քաջբերունուց քաղաքի տոթի և զովության մասին և ժողովուրդի զվարճություններից և նոր ու հին լուրերից։ Քաջբերունին տաղտկությամբ մի քանի հատ ու կտոր պատասխաններ տվավ։

Օրիորդ Սոֆին թեյի սեղանի մոտ յուր հյուրերին թեյ էր մատակարարում։

Արամյանը, որպես այս տան նախածանոթը, ավելի ընտանեբար էր վարվում. նա մյուսներից ծածուկ մի քանի նկատողություններ արավ օրիորդին, որով կամենում էր ուղղել նրա սխալը։ Երևում էր, որ նա ցանկանում էր Հացի-Գելենց գերդաստանական շրջանը ներկայացնել յուր ընկերին ավելի գեղահարմար կերպարանքով։

Թեյ խմելը վերջացավ։

Տիկին Բարբարեն մտածեց յուր աղջկան հանդես դուրս բերել, երբ նկատեց, որ նրա վրա ուշադրություն չէին դարձնում։ Նա խնդրեց աղջկան, որ մի փոքր նվագե դաշնամուրի վրա։ Օրիորդը կատարեց մոր խնդիրը։

Քաջբերունին սկսավ ուշադրություն չդարձնել նրա նվագելուն, երբ հենց առաջին անգամից նշմարեց, որ լավ չէ նվագում։ Օրիորդը վերջացրեց նվագելը, իսկ Քաջբերունին հայտնեց յուր նկատողությունները նրա նվագելու մասին, որոնք բոլորովին վշտացրին օրիորդի ինքնասիրությունը։ Այսուամենայնիվ մայրը նրան ծածուկ նշանացի արավ զբաղեցնելու հյուրերին։

Օրիորդը նախ սկսավ հարցնել Պետերբուրգից. օրինակ՝ քանի՞ թատրոն կա այնտեղ, կայսրը ո՞ր թատրոնն է գնում. Նևսկի պրոսպեկտը քանի՞ վերստ երկարություն ունի. այնտեղի այգիքը և զբոսարանները գեղեցիկ են։ Այնուհետև նա խոսքը դարձրեց համալսարանի վրա և հարցրեց ուսանողների կյանքից, հարցրեց, թե կա՞ն այնտեղ աղջիկ ուսանողներ և այդ աղջիկ ուսանողների մեջ