Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/157

Այս էջը հաստատված է

կա՞ն նշանավոր և տաղանդավոր օրիորդներ։ Այս հարցմունքներից հետո նա խոսակցության մեջ ներս բերավ «կանանց ազատության հարցը»։ Լսելով Քաջբերունու գալու մասին, մի քանի օր նա եռանդով կարդում էր Ստուարդ Միլլը և, զինավորելով յուր միտքը մի քանի փաստերով, նա սկսավ տաքությամբ պաշտպանել կանանց լիակատար ազատությունն ու հավասարությունը տղամարդկանց հետ։

Քաջբերունին առաջ չուզեց այդ խնդրի վրա խոսել օրիորդի հետ, մտածելով, որ այդ հարցը բարձր է նրա հասկացողությունից, բայց կամենալով նրան դուրս բերել այդ տեսակ մտավոր մոլորությունից՝ ասաց.

— Ավելի լավ է, որ դուք ձեր միտքը գաղափարական երազներով չհրապուրեք, այլ ուսումնասիրեցեք կյանքի իրական կողմերը։

— Ներեցեք, պարոն,— պատասխանեց օրիորդը,— մի թե գաղափարական երազ կարող է համարվիլ այն, որ ես ասում եմ, թե կանանց դրությունը ստրուկի դրություն է, և նրանց պետք է հավասար իրավունք տալ մարդկային ընկերության մեջ։

— Այդ դարձյալ երազ է,— խոսեց Քաջբերունին սառնությամբ,— որովհետև քանի կինը բարոյապես և իմացականապես լավ չի կրթված իբրև մարդ, նա չունի իրավունք պահանջելու ձեր ասած ազատությունը կամ հավասարությունը:

— Կրթությունը ի՞նչ նշանակություն կարող է ունենալ նրա համար, երբ նա ճնշված է տղամարդու բռնակալության ներքո։

— Կրթությունը կտա նրան իրավունք ներս մստնել հասարակական կյանքը որպես մարդ, յուր կատարյալ ազատությամբ, բայց կանացի սեռը, մանավանդ արևելյան ազգերի մեջ, դեռ շատ անկիրթ է: Պետք է աշխատել կրթել դրանց։

Օրիորդ Սոֆին վշտացավ և կարմրեցավ։

Քաջբերունին նշմարելով նրա վրդովմունքը՝ խոսեց.

— Արդարև, կանանց սեռի հարեմների մեջ փակված դրությունը վաղուց ցույց տվավ լուսավոր աշխարհին դրա վատ հետևանքները։ Այսուամենայնիվ ես չեմ կարող համաձայնել, որ կանայք, մանավանդ մեր ազգի մեջ, բոլորովին արձակ և ազատ հանդես դուրս գան իբրև հասարակական ընկերության անդամներ, երբ նրանք այդ մասին ամենևին պատրաստված չեն. նրանք դեռևս շատ պետք է ուսանեն։

Օրիորդ Սոֆին ոչինչ չպատասխանեց։ Քաջբերունին նշմարեց,