Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/159

Այս էջը հաստատված է

օրիորդները, նրանք թեև մի գունդ միս են, նրանք թեև կրթությունից զուրկ են իսպառ, բայց սրանց բարոյականությունը մնացել է անկեղծ և անխարդախ, այդ պատճառով և նրանք լինում են հավատարիմ ամուսիններ և աշխատասեր տանտիկիններ։

Եվ այնուհետև նրանք երկար ու երկար սկսան խոսել կանացի սեռի դաստիարակության վրա։

Բայց բոլորովին այլ խորհրդածության մեջ էր օրիորդ Սոֆին։ Նա ոչինչ պակասություն չէր նկատում յուր թե՛ ուսման և թե կրթության մեջ. նա յուր գեղեցկությամբ այնքան հպարտացած էր, որ կարծում էր, թե կիշխե բոլոր տղամարդկանց վրա։ Եվ միտ բերելով Քաջբերունու սառնասրտությունը դեպի ինքը և նրա հերքողական պատասխանները յուր կարծիքների դեմ, չէր կարողանում ոչինչ կերպով համոզվել, թե այդպիսի վարմունքը և այդպիսի վեճը կարող էին առողջ դատողության ծնունդ լինել։

Բայց Արամյանի փափուկ բնավորությունը, նրա քաղցր խոսակցությունը և շնորհալի վարմունքը խելագարության չափ հիացրել էին ախտաբորբոք օրիորդին, և նա սպասում էր նրա մեջ գտնել յուր սրտի ցանկալին։

Բոլորովին այլ էր տիկին Բարբարեի մտածությունները. նա շատ ուրախ էր մանուկ տղամարդկանց այցելությամբ, նա շատ գոհ էր յուր դստեր խոսակցությունից նրանց հետ, թեև նրան բոլորովին անհասկանալի էր այդ։ Միևնույն ժամանակ նրա գլխի մեջ պտտվում էր մի այսպիսի խորհուրդ պսակել յուր դուստրը մայրաքաղաքի այդ բարեկիրթ ուսանողներից մինի հետ։

ԻԸ

Կոջորի սառն, հովասուն օդը և խոնավ կլիման, փոխանակ ուղղելու Քաջբերունու առողջությունը, խիստ վատ ներգործություն արեցին նրա վրա։ Նրա ավերված թոքերը դարձյալ ցավագարվեցան, և նա սկսավ ծանր կերպով հազալ։ Նա փակված էր յուր կացարանում և ամենևին դուրս չէր գնում տանից։

Արամյանը խիստ տխուր էր սիրելի ընկերոջ տկարության համար և ամբողջ օրը չէր հեռանում նրա մոտից։ Այդ պատճառով մի շաբաթից ավելի էր նա չէր եղած Հացի-Գելենց մոտ։

Մի գիշեր նա երկար նստած Քաջբերունու մահճակալի մոտ, դառն մտածության մեջ էր. հիվանդն անդադար հազում էր և հոգվոց