Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/16

Այս էջը հաստատված է

«Ծրթատին» խոզությունից մարդ շինեց և հայոց կրոնի հիմք դրավ։ Այլև նա գիտեր, որ հայի մեռոնը առանց կրակի է եփվում և Երուսաղեմ, հայոց տաճարում, սուրբ հարության օրը, ամեն տարի լույս է իջնում երկնքից։ Բայց գնալ այդ լույսը տեսնել և մահտեսի դառնալու ամենևին ցանկություն չուներ, մին որ՝ ծախսիլ փախչում էր, մին էլ՝ լսած էր, որ Երուսաղեմում մի աղբյուր կա, որի ջուրը մահտեսիքը խմածին պես գժվում են, այդ պատճառող նրանք սարսաղներ են լինում...։

Այդ բոլոր մեր հիշածները Ճանճուր Իվանիչի համար երկրորդական բաներ էին, որոնք նա, այլևայլ հանգամանքներից ստիպված մտածում էր և գործում։ Իսկ այն իրողությունը, որի վրա նա հիմնել էր յուր բոլոր մտավոր և հոգեկան ուժը, որ նա համարում էր յուր կյանքի միակ նպատակը,— էր փողը: Փողը, ասում էր նա, կույրին աչք է տալիս, կաղին՝ ոտք, փողը գժին խելք է տալիս, երկչոտին՝ սիրտ, փողը տկարին ուժ է տալիս, գերիին՝ ազատություն, փողը սովածին հաց է տալիս, մեռյալին՝ կյանք, ուրիշ ի՞նչ հրաշքներ չէ գործում փողը... Այդ պատճառով Ճանճուր Իվանիչը աստվածությունը երկու էր բաժանում․ երկնքի աստվածը, ասում է Քրիստոսն է, բայց երկրի աստվածը փողն է։ Նրա համար պետ ապրել, նրան ամենայն հարգությամբ պետք է պաշտել, որովհետև առանց փողի մարդը զրկվում է մարդ լինելուց...։

Ճանճուր Իվանիչի այդ աստվածների մեջ կա փոքրիշատ ճշմարտություն։ Բայց թե մինչև ո՛րտեղ սխալ էր նրա կարծիքը փողի մասին, այդ թողնում ենք ընթերցողին ինքնին հարցասիրել․ միայն մենք կավելացնենք մի քանի խոսք, թե արդար շահասիրությունը երբեք պարսավելի չէ, մեր աչքի առաջ ունենալով իրողությունը, որ աղքատի վիճակը խիստ սարսափելի է, և փողն առաջին դերն է խաղում մեր կյանքի մեջ...։

Գ

Տիկին Բարբարեն,— այսպես էր Ճանճուր Իվանիչի կնոջ անունը,— թե յուր մարմնի կազմվածքով և թե բարոյական, մտավոր կողմերից ձևացնում էր բոլորովին ընդդիմադիր ծայրը յուր ամուսնու հետ, որին արդեն ծանոթ է մեր ընթերցողը: Նա էր մոտ քառասունամյա մի կինարմատ, բարձր և ուղիղ հասակով, լիքը և ամբողջ մարմնով: Նրա դեմքի գծագրությունն ախորժելի էր և կանոնավոր։