Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/166

Այս էջը հաստատված է

— Ինձ անախորժ է իմ այժմյան զզվելի կերպարանքով տխրեցնել քնքուշ օրիորդի սիրտը,- պատասխանեց նա,-ասա թե չեմ կարող ընդունել։

-Նա խնդրում է, նա քեզ տեսնելու է եկել։

-Լա՛վ, թո՛ղ գա։

Արամյանը դուրս գնաց և մի քանի վայրկյանից հետո օրիորդի հետ ներս մտավ հիվանդի սենյակը։

-Սոֆին գնաց բռնեց Քաջբերունու ձեռքը և խիստ մոտ նստեց հիվանդի մահճակալին։

-Հեռու նստեցեք, օրիորդ Սոֆի, այժմ անախորժ է ինձ մոտենալ։ Բայց Սոֆին ամենևին չշարժվեցավ յուր տեղից և ասաց.

-Դուք այժմ ևս այնպես բարի և սիրելի եք, որպես առաջ։


-Ո՛չ, սիրելիս, հիվանդության հետ կատակ չի կարելի անել,— պատասխանեց Քաջբերունին։

Օրիորդը սկսավ հարցնել նրան հիվանդության մասին, այնուհետև հայտնեց, թե ինքը շատ տխրում է, որ նրանք այնպես շուտ թողնում են ամառանոցը, որովհետև նրանց դրացությունը ախորժելի էր իրանց գերդաստանին։ Եվ ավելացրեց մի քանի բարեկամական խոսքեր։

Քաջբերունին կարճ պատասխանեց, թե՝

-Մենք շատ հեռու չենք գնում, եթե այս հազը շուտով չիջեցնե ինձ սառը հողի տակ, մենք դարձյալ կարող ենք միմյանց տեսնել։

Օրիորդը սկսավ նրան մխիթարել, թե չպետք է այդպես շուտ հուսահատվել կյանքից և խորհուրդ տվավ նրան գնալ Նիցցա։

-Այո՛, եթե ես փող ունենայի, շատ տեղեր կերթայի,— պատասխանեց նա։

Ապա օրիորդը ասաց, որ ինքը ևս միտք չունի ամառանոցում երկար մնալու, այլ շուտով քաղաք կդառնա, և այնտեղ շուտ-շուտ կայցելե նրան։ Քաջբերունին հայտնեց յուր շնորհակալությունը։

Օրիորդը, քնքշությամբ սեղմելով հիվանդի ձեռքը, հեռացավ։

Արամյանը նույնպես դուրս եկավ նրան ճանապարհ ձգելու։ Օրիորդ Սոֆին հայտնեց, թե նրան մի քանի ասելիք ունի, նրանք մտան դարձյալ Արամյանի սենյակը։ Սոֆիի դեմքն արտահայտում էր ներքին վրդովմունք։