Արամյանը նստեց գահավորակի վրա, իսկ օրիորդը, աթոռի վրա նրա առջև նստելով, բռնեց նրա ձեռքը և ասաց.
— Իմ այս գիշերվա վերջին հարցը մնաց առանց պատասխանի, այնպես չէ՞, — հարցրեց նա՝ ուղղակի Արամյանի երեսին նայելով։
— Այո՛, — պատասխանեց Արամյանը,— բայց ես խնդրեցի, որ դու այդ մասին ոչինչ չհարցնես։
— Ինչո՞ւ։
— Որովհետև զանազան հանգամանքներ ստիպում են այդ մասին լռեր։
— Բայց իմ կարծիքով, ուր կա ճշմարիտ սեր, այնտեղ ոչինչ հանգամանքներ տեղ չպետք է ունենան։
Արամյանը դժվար դրության մեջ էր։
— Մի՞թե սիրելու համար դու կարծում ես, թե անպատճառ պետք է կոչվել ամուսին, — հարցրեց Արամյանը։
— Ես այդպես չեմ կարծում, — պատասխանեց օրիորդը պինդ ձայնով, — ես մինչև անգամ հերքում եմ ամուսնությունը, ես կբավականանամ միմիայն քո սիրով, եթե դու իսկապես խոստովանես, թե սիրում ես ինձ։
— Դու կարող ես բոլորովին հավատալ, թե ես սիրում եմ քեզ։
— Ուրեմն թո՛ւյլ տուր համբուրեմ քեզ, — ասաց օրիորդը։
Նրանք գրկախառնվեցան... և մի քանի րոպե նրանք չէին բաժանվում միմյանցից...։
Օրիորդը բոլորովին շառագունած դուրս եկավ Արամյանի սենյակից։
Ճանապարհին նրան հանդիպեց Մայիլովը, պատանին գլուխ տվավ նրան, բայց օրիորդը ամենևին չնշմարեց և անցավ։
Գնալով իրանց տուն, օրիորդն ուղղակի ներս մտավ յուր սենյակը. նա բոլորովին գոհ էր յուր վիճակից, նրա դեմքն արտահայտում էր անսպառ ուրախություն, և նա թռչնակի նման հանգիստ չէր կարողանում նստել, այլ երգելով թռչկոտում էր այս կողմը, այն կողմը։
Լ
Դիաչկովր լսելով, թե Արամյանն ու Քաջբերունին գնացել են քաղաք, իսկույն վարձեց նրանց կացարանը, և այդպիսով մերձավոր դրացի դարձավ Հացի-Գելենց։ Այնուհետև սկսավ հնարքներ