Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/169

Այս էջը հաստատված է

մտքի մեջ անիծելով իրանց դատարկաբան հորը։ Իսկ կնյազը ավելի հին ժամանակից է սկսում։ Ախտա Շահից, Հերակլից և գալիս մինչև Շամիլը։ Այժմ երևակայեցեք, կարելի՞ է այդպիսի փտած կոճղերի հետ ժամանակ անցկացնել։

Տիկին Բարբարեն և օրիորդ Սոֆին ծիծաղեցին, պատասխանելով, թե բոլորովին ուղիղ է նրա նկատողությունը։

—Առհասարակ, — շարունակեց Դիաչկովը,— այստեղ սակավ են կատարյալ քաղաքակրթված ընտանիքներ, ուր կարելի լիներ զգալ ճշմարիտ հյուրասիրության համն ու հոտը.— խնդրեմ իմ նկատմունքը ձեզ վրա չառնեք, որովհետև ձեր ընտանիքը այդ բանում կատարյալ բացառություն է կազմում։ Դիարկովից Պետերբուրգում հիանալի գերդաստաններ կան, արժե նրանց հետ ժամանակ անցկացնել։

Եվ մայր ու աղջիկ սկսան հարցնել Դիաչկովից Պետերբուրգի կյանքից։

Դիաչկովը պատմեց երկար ու երկար, առանց լռելու. բառերը, որոնց կամավ տալիս էր նա մի առանձին մուզիկական արտահնչություն, կարծես թե առնելու էին նրա բերանից։ Եվ ամեն խոսքի վերջավորությունը բերում էր յուր վրա՝ ցույց տալով, թե ինքը ժամանակով մայրաքաղաքում եղած է հասարակական խոսակցության առարկա։

Բայց երբ նրանից հարցրին, թե այժմ ինչով է պարապո՞ւմ, պատասխանեց.

— Ավարտելուց հետո ինձ նշանակեցին Պետերբուրգ ում մի մեծ թաղի միրովոյ սուդյա, ես ատեցի այդ ստոր պաշտոնը և եկա Կավկազ, գուցե բարձր տեղեր գտնելու։ Այստեղ օկրուժնոյ սուդում անդամի տեղ են առաջարկում ինձ, բայց ես դարձյալ չեմ կամենում ստորացնել ինձ... Նախագահի պաշտոնը... այն ևս ակամայից, կարելի է համաձայնել... կամ պալատում անդամ... պրոկուրոր և կամ մի այդպիսի բան... թեև ծառայությունն առհասարակ ինձ անտանելի է, որովհետև ես սիրում եմ ազատ կյանք։ Այլև իմ գլխավոր նպատակն այն է, որ գնամ Փարիզ, մի քանի տարի մնամ այնտեղ, հետո գնամ Պետերբուրգ իրավաբանական պրոֆեսորի քննություն տամ։ Ինձ առավել սիրելի է համալսարանում պրոֆեսորի ամբիոնը, քան պալատում նախագահի աթոռը։ Այդ արդեն հիանալի է, երբ մարդ կանգնած ամբիոնի վրա ոգևորված պատմում է, զորօրինակ՝ քաղաքական իրավունքների մասին, և Թեմիդեսի հազարավոր աշակերտներ լուռ, հոգիացած լսում են նրան։