Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/170

Այս էջը հաստատված է

Այդ խոսքերը Դիաչկովն արտասանեց բավական կրքով և խորը հոգվոց հանելով։

— Բայց այժմ բոլորովին անգո՜րծ եք,—հարցրին նրանից։

— Այժմ ես պարապում եմ խիստ ազատ վաստակով, — պատասխանեց Դիաշկովը։ —Արդարև ես մինչև այն աստիճան չեմ կարող ստորացնել ինձ, որ գնամ օկրուժնոյ սուդ կամ պալատ, ատյանում կանգնեմ և պաշտպանն որևիցե գործ, որպես անում են այստեղի փաստաբանները. բայց արհեստում չծուլանալու համար, երբեմն մեծ գործերում, երբ լինում են դժվար իրավաբանական հարցեր, ես գրում եմ միմիայն խնդիրներ, թեև խիստ չնչին վարձով, զորօրինակ՝ մի քանի հազար մանեթով։

Բոլորովին սուտ էր խոսում Դիաչկովը. նա ոչ միայն օկրուժնոյ սուդն ու պալատը չէր գնում գործեր պաշտպանելու, ինչպես հավատացնում էր յուր թեթևամիտ ունկնդիրներին, այլ հարյուր մանեթ գործի համար նա միրովոյ սուդերումն էր քարշ գալիս։ Միով բանիվ, նա քաղաքիս ամենաստոր փաստաբաններից մեկն էր, որին հանձնում են այն ամենակեղտոտ գործերը, որ յուր պատիվը պահպանող ոչ մի փաստաբան հանձնառու չէ լինում ընդունելու։

Հանկարծ նա նշմարեց անկյունում դրած դաշնամուրը։

— Ա՜, այդ ո՜վ է ածում, — հարցրեց նա զարմացք ձևացնելով յուր դեմքի վրա։

—Սոֆին, — պատասխանեց տիկին Բարբարեն։

— Մադմուազել Սոֆի՜ն,— կրկնեց Դիաչկովը ուրախությամբ։ — Ա՜խ ես Պետերբուրգից դուրս գալուց հետո Կովկասում ոչ մի գերդաստանում չեմ լսած պիանոյի ձայն. ես հուսով եմ, որ օրիորդ Սոֆին այնքան ողորմ կլինի, որ այդ մեծ զվարճությունը կպատճառի ինձ։

Տիկին Բարբարեն սկսավ թախանձել յուր դստերը, որ նա նվագե։

Օրիորդ Սոֆին մեծ հոժարությամբ մոտեցավ պիանոյին և սկսավ նվագել շատ վատ։ Բայց Դիաչկովն անդադար ծափահարելով, դառնում էր դեպի տիկին Բարբարեն՝ ասելով.

— Այս արդեն հրաշք է... ա՜խ, որքան հիանալի նվագում է մադմուազել Սոֆին, Պետերբուրգում սակավ աղջիկներ միայն կարքղ են այդպես նվագել։

Օրիորդը ոգևորված այդ գովասանքով նվազեց ամբողջ կես ժամ, նա երգեց և մի ռոմանս, նույն միջոցին Դիաշկովը զմայլմունքից ինքը նույնպես յուր խռպոտ ձայնը խառնեց նրա ձայնի հետ