Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/175

Այս էջը հաստատված է

Դիաչկովը։ — Երրորդ օրն է, որ նրանք եկած են. այսօր ես շնորհ ունիմ նրանց մոտ ճաշելու։

— Ուրեմն այդպե՞ս...— ուղիղ Դիաչկովի երեսին նայելով խոսեց Արամյանը։

—Ինչ կա որ. քո սրտին ինչո՞ւ է դիպչում, — հարցրեց նրան Դիաչկովը։

— Ոչինչ..., — պատասխանեց Արամյանը։

Այդ խոսակցությունը տևեց մի քանի րոպե ևս, մինչև Քաջբերունին տաղտկացավ։

— Չարժե դրա վրա այդքան խոսել, — ասաց նա։ — Պատմի՛րր, ին՞չ նոր լուր գիտես, պարոն Դիաչկով։

— Ահա՛ ձեզ նոր լուր, ինձ առաջարկում են միրովոյ սուդիայի պաշտոն նահանգում, բայց ես չեմ ընդունում։

— Ինչո՞ւ, Թաթոս։

— Նահանգում միրովոյ սուդիա լինելու համար չարժե հեռանալ քաղաքի զվարճություններից, առանց դրան էլ իմ դրությունս այստեղ բոլորովին ապահոված է։

— Քանի՞ հազար ես որսացել մինչև հիմա։

— Ո՛չ ավելի, քան տասն հազար...

Եվ Դիաչկովը նայեց ժամացույցին, իսկույն կանգնեց, առավ գլխարկը և հեռացավ ասելով.

— Ինձ ներեցեք, արդեն ճաշին քառորդ ժամ է մնում, ինձ կսպասեն Հացի-Գելենց տանը։

— Ահա՛ այդպիսի հիմարները կարողանում են փառավորապես ապրել այս աշխարհում, որովհետև նրանք տալիս են «կայսերն կայսեր, և աստծույն աստուծո»։ Զզվելի՜ կեղծավորություն...,— ասաց Քաջբերունին՝ ներքին վրդովմունքով։

Բայց Արամյանը համարյա չլսեց այդ խոսքերը, նա սաստիկ կերպով խռոված էր։ Դիաչկովի խոսքերը Հացի-Գելենց մասին հարուցին նրա սրտում անախորժ զգացմունքներ։

ԼԲ

Օգոստոսը ևս անցավ, յուր հետ տանելով նաև տոթը։ Եղանակը օրըստօրե դառնում էր հովասուն։ Հասարակաց զբոսարաններում որոշյալ ժամերին զվարճասեր բազմությունը ավելի և ավելի համախմբվում էր. գիշերները թատրոնում սկսեց հնչել իտալական օպերան։