Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/177

Այս էջը հաստատված է

—Բարով, Վահե,— ասաց օրիորդը ներս՛ մտնելով՝ ուրախության ծիծաղը երեսին։

— Ա՜ , օրիորդ Սոֆի, դո՞ւք եք, — կրկնեց Արամյանը թեթև շարժվելով յուր տեղից։ —Հրամմեցեք, խնդրեմ։

Արամյանի առոգանությունը, նրա պատկառելի ընդունելության ձևը, էր արտասանեց նա նոր, իրանց մեջ դեռևս անսովոր, հոգնակի ձևով, նրան իսկույն զգալի եղան։ Այնինչ նա մտածում էր, թե լուր սիրեկանն իսկույն գրկախառնվելու էր յուր հետ։

Օրիորդը ակամայից նստեց աթոռի վրա, որ ցույց տվավ նրան Արամյան։

— Դու վերջապես ստիպեցիր ինձ գալ քեզ մոտ, այսքան երկար սպասել տալուց հետո, -ասաց նրան օրիորդը։ — Երևի լսած չես եղել մեր դարձը։

— Ես լսած էի... Միայն Սմբատի առողջությունը այս վերջին օրերում մի փոքր ես վատացավ, այդ պատճառով չէի կարողանում տանից հեռանալ։

— Այժմ ի՞նչպես է նրա առողջությունը։

— Վատ չէ՛։

— Ո՞ւր է նա։

— Գնացել է զբոսնելու. նա ամեն առավոտ սովորություն ունի քաղաքից հեռանալ մաքուր օդ ծծելու։

— Ուրեմն ես կարոդ եմ հուսալ, թե դու այսուհետև ժամանակ կունենաս մեզ մոտ գալու, այնպես չէ՞։

— Չգիտեմ..., — սառնությամբ պատասխանեց Արամյանը։ Օրիորդը զարհուրելով նայեց նրա երեսին։

— Ի՛նչ է, դու հիվա՞նդ ես, Վահե, քո դեմքն այնպես գունատվեցավ, — հարցրեց նա։ —Այո , ես ինձ բոլորովին առողջ չեմ գզում, — պատասխանեց Արամյանը տաղտկանոք, որպես մի մարդ, որ ձանձրանում է յուր խոսակցից։

Օրիորդը մոտեցավ նրան և բռնեց նրա ձեռքը։

— Ա՜խ, ի՜նչ սառն է քո ձեռքը,— գոչեց նա,— կարծես սառույց լինի։

— Այո՛, օրիորդ Սոֆի, ջերմության հուրր մարեցավ ինձնում․․․ և իմ սիրտը ևս այնպես սառն է այժմ, ինչպես իմ ձեռքերը...

— Ինչո՞ւ, — հարցրեց օրիորդը ողորմելի կերպով։

-Զարմանալի բան է այդ սիրտ կոչվածը, նա շուտով կոտրվում է, նա շուտով սառչում է, նա շուտով մեռնում է...։