Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/18

Այս էջը հաստատված է

Օրիորդ Սոֆին կրում էր յուր մոր գեղեցկությունը և նրա մարմնի քնքշությունը։ Լիզան մի գորշ սևլիկ աղջիկ էր, ցամաք մելամաղձական դեմքով, թուխ, փայլուն աչքերով, գանգրահեր գիսակով։ Ելենան ձյունի պես սպիտակ դեմքով, շիկահեր և երկնագույն կապույտ աչքերով։ Իսկ Գրիգոլը հիվանդոտ մի պատանի էր, տկար կազմվածքով, շագանակագույն մազերով, գունատ դեմքով և նվաղած, սևորակ աչքերով։ Այդ բազմազանությունը նրանց զավակների մեջ առիթ էր տալիս զարմանալ, թե ինչո՞ւ Ճանճուր Իվանիչի նման Գողիաթից հառաջ եկավ այդպիսի մանրիկ սերունդ։ Բայց ո՞վ գիտե բնության գաղտնիքները։ Մինչև այսօր էլ այդ հարցը մնացել է անլուծելի, թե ինչո՞ւ զավակները ըստ մեծի մասին չեն նմանում իրանց հորը...։

Ճանճուր Իվանիչի զավակներից ո՛չ մինը չգիտեր յուր ազգային լեզուն։ Նրանց ընտանեկան խոսակցությունը վրացերեն էր։ Թեև Ճանճուր Իվանիչը և յուր կինը գիտեին փոքրիշատե կաղ ու կոտոր հայերեն, բայց այն ևս խմորված վրացի և թուրքի, ռուսի և այլազգի բառերով։

Նրանք այդ մասին բոլորովին անփույթ էին, թե ամեն մի անհատը պետք է յուր ազգային լեզուն գիտենա, սիրե նրա գրականությունը և կրոնական ու մտավոր ավանդությունները։ Այդ պատճառով նրանք ռչ միայն հոգ չէին տանում իրանց զավակներին հայերեն ուսուցանել, այլ ցավալի է ասել, արգելում էին ևս, մտածելով, որ հայոց լեզուն մի անպիտան լեզու է, և այդ լեզվով խոսելն ամոթ և նախատինք էր բերում մարդուն, որովհետև զոկերին, ղարաբաղցիներին, երևանցիներին, շանճրագներին և կռոներին միայն ներելի էր խոսել հայերեն, որոնք Ճանճուր Իվանիչի կարծիքով, ստոր և կեղտոտ մարդիկ էին։ Այդ պատճառով նա նախատինք էր համարում մի այդպիսի մռայլոտ խուժանի բարբառով պղծել յուր զավակների լեզուն, որոնք ո՛չ կռո էին և ո՛չ շանճրագ, այլ «Թիֆլիսի պատվավոր քաղաքացու» զավակներ։

Ճանճուր Իվանիչի գերդաստանի թվումն էին` Քիտես իմերել ծառան, բարձրահասակ մի առողջ տղամարդ, զորեղ կազմվածքով, վայրենի դեմքով, գայլի աչքերի նման վառվռուն աչքերով, խճճված թանձր մազերով, և Թինա անունով օս աղախինը, նույնպես առողջ, հաստլիկ, ուռած թշերով, ոչխարի հեզ աչքերով և վայրենի եղջերուի միամիտ և խոնարհ սրտով։ Թինային Ճանճուր Իվանիչը բերավ Կովկասի լեռներից, երբ գնացել էր այնտեղ բուրդ գնելու, փոքրիկ Գրիգոլիի համար ստնտու, ամսական երեք ռուբլի վարձով,