Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/181

Այս էջը հաստատված է

սակայն նրանք չեն զգում ո՛չ մուզիկայի անուշությունը, ո՛չ բեմական ներկայացումների վսեմությունը:

— Ի՛նչ նպատակով ուզում է լինի, զանազանություն չկա. խնդիրն այն է, որ բազմությունը չի հեռանա թատրոնից, երբ այստեղ ներկայացումներ տան և հայերեն լեզվով։

— Այո՛, եթե դու ցանկանում ես միմիայն քո նյութական շահի համար, ավելի զանազանություն չկա, բայց դու ի նկատի ունիս հասարակության իրական օգուտը, որ կարող էր բարոյապես կամ իմացականապես շահվել յուր ազգային բարբառով ներկայացումներ տեսնելով։

— Իհարկե, բուն նպատակը կլինի այն, ինչ որ ազգության ճշմարիտ բարեկամի ցանկությունն է. իսկ եթե ժողովուրդը այլ հայացքով կնայի դրա վրա, այդ փույթ չէ, մինչև նա ընտելանա գործի էությանը, որովհետև ի՛նչ նպատակով ուզում է լինի, բայց և այնպես մեկը նպաստում է մյուսին:

Քաջբերունին ոչինչ պատասխան չտվավ և համարյա չլսեց էլ թե ի՛նչ խոսեց նա. նա նայում էր դեպի օթյակները։

— Ահա՛ Սոֆին, Վահե,— կոչեց նա։ Արամյանը տեսավ Սոֆիին, որ յուր երկու քույրերի և եղբոր հետ ներս մտավ մի օթյակ։ Նա յուր անհամեմատ գեղեցկությամբ և պատշաճավոր հագուստով գերազանցում էր բոլորից։ Նա նստեց և սկսավ յուր գրավիչ նայվածքը անդադար ձգել դեպի յուր չորս կողմը:

— Փարթամ բնավորություն է,— կրկնեց Քաջբերունին։

Արամյանը ոչինչ չպատասխանեց, երեսը շրջեց դեպի մյուս կողմը, բայց նա նկատեց, որ ստվար դիտակներ ուղղվեցան դեպի նրա օթյակը։

Քաջբերունին նշմարեց ներքի կարգում մի օթյակ, որ բոլորովին դատարկ էր մնացել։ «Այդ ո՞ր բախտավորին է սպասում»,— ասաց նա յուր մտքում և տեսավ, որ մի րոպեից հետո դռնակը բացվեցավ և այնտեղ ներս մտավ մի աղջիկ միջակ հասակով, և նրա հետ մի նորահաս պատանի, որ երևում էր, թե աղջկա եղբայրն է։

Մանկահասակ օրիորդի արտաքին կերպարանքը բոլորովին գրավեցին Քաջբերունու ուշադրությունը։ Նրա հագուստը ոտքից ցգլուխ աչքի էր ընկնում, չնայելով, որ ոչ միայն պատրաստված չէր թատրոնի համար, այլ այնպիսի պարզ հագուստով մինչև անգամ անհարմար էր երևիլ որևիցե հասարակական ժողովում։ Նրա սև ձեռնոցները, սպիտակ չթյա հանդերձը, նրա սև թավշյա վերարկուն,