Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/182

Այս էջը հաստատված է

որ թեք ձգած էր յուր ուսին, արտահայտում էին նրա անփութությունը դեպի հասարակական ծեսերն ու սովորություններր։ Նրա գիսակը ամենևին հարթարած չէր, որպես վայել է թատրոն էրթալու համար, այլ նրանք այնպես խառնված էին, կարծես թե նա դեռ նոր էր հեռացել յուր աշխատության գրասեղանի մոտից։

Այդ օրիորդի օթյակը մոտ էր Քաջբերունու բազկաթոռին, և նորահաս երիտասարդը, գրավված նրանով, կարողանում էր որսալ նրա դեմքի ամեն մի արտահայտությունը և նրա ամեն մի շարժմունքը։

Օրիորդը մտնելով յուր օթյակը, մի կողմնակի հայացք ձգեց բազմության վրա և նստեց խորին սառնասրտությամբ։ Նրա դեմքը գունատ էր, ինչպես մարմարիոն, բայց երեսի գծագրությունը կանոնավոր էր և ախորժելի։ Սև սաթի նման գիսակները, սև հոնքերը և սև, վառվռուն աչքերը ցուցանում էին նրա արևելյան ծագումը։ Իսկ մի քանի րոպեից հետո, քանի մի բառեր, որոնք զանգակի հընչյունով հասան՝ Քաջբերունու լսելիքին, ստուգեցին օրիորդի հայազգի լինելը:

Վարագույրը բարձրացավ։ Բեմի վրա ներկայացնում էին «Ռիգոլետտո»:

Օրիորդը առանց ուշադրություն դարձնելու յուր չորս կողմը, նայում էր միայն բեմին, որպես թե ինքը միայնակ լիներ թատրոնում։ Ռիգոլետտոյի միմոսական ծաղրածությունները չշարժեցին և ոչ մի ժպիտ նրա սառն դեմքի վրա։

«Այդ օրիորդի մեջ մի բան կա», ասաց յուր մտքում Քաջբերունին, չդադարելով հետազոտել նրա ամեն մի շարժողությունը։ Քաջբերունին շատ էր ցանկանում իմանալ օրիորդի ով լինելը, բայց չգիտեր ումից հարցնե։ Նա չուզեց այլ մասին հարցնել նաև Արամյանից, որ նույն ժամուն համարյա ձանձրացրել էր իրան յուր խոսակցությամբ հայկական թատրոնի մասին։

Վարագույրը վայր իջավ։ Առաջին գործողությունը վերջացավ։

Հանդիսականներից ոմանք դուրս գնացին ծխելու և ոմանք մնացին օրիորդներին մտիկ անելու։ Քաջբերունին տեսավ, որ յուր ուշադրության առարկան նույնպես դուրս գնաց օթյակից: Նա առանց մի բան ասելու յուր ընկերոջը, ինքը նույնպես դուրս գնաց։ Նա տեսավ, որ օրիորդը միայնակ ճեմում է նախասենյակում։ Վայելչահասակ օրիորդը ոտքի վրա ավելի գեղեցիկ էր, քան թե օթյակում նստած ժամանակ։

Քաջբերունին սկսավ հետազոտել նրա ընթացքը։ Մի քանի