Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/185

Այս էջը հաստատված է

Նույն օրվա երեկոյան պահուն, Քաջբերունին վեր առնելով բախտավոր գիրքը, որ առիթ տվավ իրան ծանոթանալ յուր խնդրած օրիորդի հետ, սկսավ դիմել դեպի այն նվիրական տունը, ուր բնակվում էր նա։

Նա առանց երկար որոնելու գտավ օրիորդի բնակարանը, զանգր քաշեց և խնդրեց յուր մասին իմացում տալ։

Քաջբերունուն առաջնորդելով մի քանի մաքուր և բավական ճաշակով կահավորված սենյակներով, տարան օրիորդ Աննայի (այդպես էր օրիորդի անունը) առանձնասենյակը։ Երիտասարդի ներս մտնելիս օրիորդը նստած կարում էր։ Տեսնելով յուր հյուրին, նա կարը մի կողմ դրեց, կանգնեց և խիստ քաղաքավարությամբ ողջունեց նրան՝ ավելացնելով.

— Ձեր ազնվասրտությունը, հիրավի, ինձ խիստ զգալի է, ես համարձակվեցա ձեզ նեղություն պատճառել։

— Ընդհակառակն, ինձ համար մեծ ուրախություն է,— պատասխանեց Քաջբերունին և տվավ նրան «Քնար Հայկականը»։

Օրիորդն ուրախությամբ առավ գիրքը՝ ասելով.

— Ա՜խ, ես շատ շնորհակալ եմ ձեզանից, դուք չափազանց պարտավորեցրիք ինձ։

— Տեսնելով ձեր այդպիսի սերը դեպի հայոց գրականությունը, ես մեծ ուրախությամբ պատրաստ եմ միշտ բերել ձեզ համար ամեն տեսակ հայերեն գրքեր։

Նրանք նստեցան։ Օրիորդն սկսեց ուրախ-ուրախ թերթել «Քնար Հայկականը»։

— Շնորհակալ եմ ձեր բարեսրտության համար,— ասաց նա,— ես բավական հայերեն գրքեր ունիմ, միայն նրանք ըստ մեծի մասին գրաբար լինելով, լավ չեմ հասկանում, իսկ մի քանիսն էլ թեև աշխարհաբար, բայց զանազան բարբառով լինելով, դարձյալ դժվար հասկանալի են. բայց այս գիրքը կարելի է հասկանալ։ Ինձ ասացին, թե դրանում հավաքված են մեր նոր և հին գրողների համարյա բոլոր ընտիր երգերը:

— Այո՛,— պատասխանեց Քաջբերունին,— մենք մինչ այսօր չենք ունեցել այդպիսի հարուստ երգարան։ Առաջին անգա՞մն է, որ տեսնում եք այդ գիրքը:

— Առաջին անգամն է,— պատասխանեց օրիորդը,— միայն այս երգերից շատերն ինձ ծանոթ են, որոնք ես կարդացել եմ «Հյուսիսափայլ»-ի, «Գամառ-Քաթիպա»-ի և մեր այլ պարբերական