Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/186

Այս էջը հաստատված է

հրատարակությունների մեջ, ինչպես են՝ «Արաքսի արտասուքը», «Իտալացի աղջկա երգը» և այլն։

— Դուք ստանո՞ւմ էիք «Հյուսիսափայլ»,— հարցրեց Քաջբերունին։

— Ես շարունակ ստանում էի այդ պատվական ամսագիրը,— պատասխանեց օրիորդը,— ափսոս որ նա դադարեցավ։ Ռուսաստանում մենք մինչև ցայժմ չենք ունեցել այնպիսի ազատ և խորհրդավոր հրատարակություն։

Քաջբերունին հիացած էր օրիորդի առողջ դատողության և նրա ազգասիրական եռանդի վրա։ Եվ կամենալով ավելի լավ ծանոթանալ նրան, հարցրեց.

— Դուք ուրիշ ի՞նչպիսի հրատարակություններ էիք ստանում կամ ի՞նչ գրքեր ունիք։

— Ես ստանում էի «Կռունկ», «Ճռաքաղ», թեև նրանցից և ոչ մինը «Հյուսիսափայլ»-ի հետ չէ կարող դասվել։ Մի քանի օր առաջ ինձ մոտ էր եկած մի պոլսեցի երիտասարդ. նա պատմում էր, թե Տաճկաստանում լրագիրներն ու ամսագրերը ավելի մեծ կատարելության են հասած։ Ես խնդրեցի նրանից, նա բերավ ինձ համար մի քանի համար «Մասիս», «Մամուլ», «Մեղու», «Փունջ»։ Ես կարդացի, արդարև տաճկահայերի գործերը ավելի բարձր պիտի դասել գրականության մեջ, քան Ռուսաստանի մերայիններինը։

— Ի՞նչն է պատճառ տալիս ձեզ այդպես մտածել,— հարցրեց Քաջբերունին։

— Իհարկե, իմ նկատողությունները չեն եղել այնքան կրիտիկաբար, ո՛ւր մնաց որ մի քանի թերթերից չէ կարելի ամբողջ Տաճկաստանի հայոց այժմյան գրականության մասին որոշ կարծիք հայտնել. միայն որքան ես նկատեցի, նրանց մեջ առավել տեսանելի է մտքերի ազատություն և իրական ու բարոյական կյանքի ուսումն։

— Ո՞վ էր այն երիտասարդը։

— Ուղիղը չգիտեմ, որովհետև նա յուր անձի համար ոչինչ չասաց, միայն որքան երևում էր, ուսյալ ոմն պիտի լիներ։

Քաջբերունին մտածման մեջ ընկավ։

— Նա այստե՞ղ է այժմ,— հարցրեց նա։

— Ո՛չ, չգիտեմ նա ուր գնաց. նա ճանապարհորդում էր զանազան տեղեր։

— Ի՞նչպես եղավ, որ դուք ծանոթացաք նրա հետ։

— Մի օր Ալեքսանդրյան այգում նստած էի մի անկյունում իմ