Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/189

Այս էջը հաստատված է

— նրանք ի՞նչ ճաշակ ունին իրանց ազգային գրականությունից և լեզվից, որ սիրեն նրան. իրանց ընտանեկան կյանքում դեռ երեխա, երբ նրանց լեզուներր բացվում են, ծնողները սկսում են նրանց հետ խոսել օտարազգի բառերով, այնուհետև, երբ ուսումնարան են մտնում, այնտեղ ևս օտարազգի լեզուներ են սովորում բոլորովին զուրկ մնալով ազգային լեզվից:

Քաջբերունու դեմքը մռայլվեցավ՝ լսելով վերջին խոսքերը: Նա ոչինչ չպատասխանեց։

— Եթե մեր ծնողները լինեին խելացի մարդիկ,— առաջ տարավ յուր խոսքը օրիորդ Աննան,— և իրանց աղջկերանց ազգային հիմնավոր կրթություն տային, այլևս ուրիշ ո՞ր ազգի լեզուն կամ գրականությունը կարող էր գրավել հայ օրիորդի սիրտն ու հոգին, որպես յուր հայկականը։ Օրինակի համար վեր առնենք մեր «Վերք Հայաստանի»-ն. ես տասն անգամ կարդացել եմ նրան, բայց դարձյալ ախորժանքով նորից ցանկանում եմ կարդալ, բայց մի օտարազգի վեպ մի անգամ, երբ մարդ կարդում է, մյուս անգամ այլևս չէ ցանկանում նայել նրա վրա։

Քաջբերունին ուշադրությամբ լսում էր նրան և զարմանում նրա դատողության վրա. նա Ռուսաստանում այս առաջին անգամն էր հանդիպում մի այդպիսի օրիորդի, որ այդ տեսակ կրթություն և հասկացողություն ունենար։

— Եթե ես փոքրիշատե գիտեմ հայերեն,— խոսեց օրիորդը,— այդ իմ հանգուցյալ հոր և եղբոր շնորհիվն է. քանի եղբայրս չէր վերադարձել համալսարանից, հայրս էր պարապում իմ կրթությամբ. իսկ եղբորս գալուց հետո, երբ հայրս վախճանվեցավ, եղբայրս նրա փոխարեն սկսավ կառավարել մեր տնտեսությունը և հոգաբարձու լինել իմ կրթության, սակայն թոքախտը նրան չթողեց երկար ապրել, նա մեռավ երկու տարի առաջ։

Այդ փոքրիկ պատմությունը օրիորդը արտասանեց այնպիսի զգալի կերպով, որ բավական ներգործեց Քաջբերունու սրտին: — Ես ուրախ եմ, որ «Քնար Հայկականի» միջոցով կարողացա ծանոթանալ ձեզ հետ և հույս ունիմ փոխարինել ձեր հանգուցյալ եղբորը՝ հայերենում ունեցած ձեր թերությունները լրացնելու։

Օրիորդը յուր շնորհակալությունը հայտնեց գլխի շարժումով, ապա հարցրեց.

— Դուք կարծում եք, թե «Քնար Հայկականը» առիթ չտար մեզ միմյանց հանդիպելու, մենք բոլորովին անծանո՞թ պիտի մնայինք միմյանց։