Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/19

Այս էջը հաստատված է

և խոստանալով ամեն տարի մի ձեռք հալավ տալ յուր կնոջ մաշված հագուստներից։ Բայց հավանելով լեռնաբնակ կնոջ հավատարիմ ծառայությունը, Ճանճուր Իվանիչը չկամեցավ բաց թողնել նրան, այլ բեռնավորելով նրա մարդուն` Ծերեթելիին, հիսուն ռուբլի պարտքով, խղճալի լեռնաբնակի կինը կապվեցավ անխզելի շղթաներով պարտատիրոջ տան հետ. նա ստիպված էր այնուհետև ծառայել այդ անտանելի գումարի տոկոսի փոխարեն միայն։ Երկար տարիներ ողորմելի Թինան ախ ու վախով հիշում էր յուր հայրենիքի ձյունազարդ սարերը, կանաչազարդ հովիտները և մութ մառախլապատ անտառները, բայց նա մի անգամ ևս չկարողացավ տեսնել նրանց, քանի որ ճակատագրական պարտքը ճնշում էր նրանց։ Նրա ամուսինը տարենը մի քանի անգամ գալիս էր յուր կնոջ տեսության, բայց նա երբեք չէր երևում նրա տիրոջ տան մեջ բոլորովին դատարկաձեռն, այլ ամեն անգամ բերում էր յուր հետ ընծաներ իրանց սարի բերքերից, որպիսիք են` թթու զկեռ, չորացած հուն և երբեմն մի հնդկահավ։ Իսկ Ճանճուր Իվանիչը նույնպես առատաձեռնությամբ արձակում էր յուր հյուրը` դնելով նրա համար երկու աբասանոց մի զույգ տրեխ հին ռումբի կաշիից, և տալով նրան յուր մաշված շապիկները կամ արխալուղը, եթե ամբողջ տասնյակ տարիների միջոցում դժբախտաբար վիճակվում էր նրանց մաշվել և թղթի գործարանի նյութ դառնալ։

Տունը, որի մեջ բնակվում էին Հացի-Գելենք, թեև հին էր, բայց բավական ամուր և հոյակապ շինություն էր երեք հարկով: Ճանճուր Իվանիչը ինքը չէր շինել նրան, բայց համարյա՛ կես գնով առել էր աճուրդում (տորգում)։ Նորա վերին և միջին հարկերը վարձով էին տված, իսկ ներքին հարկի միայն կեսը վարձով կենողներ էին։

Սենյակները, որ ընտրել էին Հացի-Գելենք իրանց կացության համար, զուրկ էին ամենայն շքեղությունից։ Լուսամուտները նեղ, ապակիի փոխարեն թղթով կալած, պատերը պատած հասարակ թղթով, հատակի տախտակամածը մաշված, դռները գույնից զրկված, պատուհանները կոտրատված, ձևացնում էին որպես մթին և խոնավ գերեզմաններ։ Եվրոպական կահ-կարասիք չկային այնտեղ։ Վրաց թախտը, նրա վրա ձգած մի քանի թերմաշ գորգեր և կարպետներ, անկյունում փոշիով պատած սուրբ աստվածածնի պատկերը կացուցանում էին բոլոր զարդարանքը այդ տխուր ու մռայլոտ բնակարանի։ Ավելացնելով դրանց հետ և մի հատ դայրա և դիպլիպիտոն, որ խնամքով քարշ էին արված հյուրանոցի պատից,