Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/190

Այս էջը հաստատված է

— Այո՛։

— Բայց վաղուց է, որ ես ճանաչում եմ ձեզ,— պատասխանեց օրիորդը։

Քաջբերունին չկամենալով հայտնել, թե մի անգամ ինքը տեսել էր նրան թատրոնում, ցանկացավ գիտենալ այդ անակնկալ խոսքի իսկությունը։

— Դո՞ւք, ի՞նձ,— հարցրեց նա։

— Այո՛, ձեզ։

— Ինչպե՞ս։

— Լսեցեք, ևս պատմեմ ձեզ,—խոսեց օրիորդը, — մի կյուրակե ես վերադառնում էի հիվանդանոցից, որ գտնվում էր գերմանացոց թաղում, ուր գնացել էի մի քանի խեղճ հիվանդների այցելություն գործելու, ինձ հանդիպեց մի գերմանուհի պառավ, որին վաղուց ես ճանաչում էի, նա ասաց, թե յուր տանը կենում է մի հայ երիտասարդ, որ խիստ հիվանդ է, և ավելացրեց, թե երիտասարդը ուսանողներից է։ Ես իսկույն հասկացա, որ հիվանդը մեր քաղաքացի չպիտի լինի, որ կենում է գերմանացու տանը, և խնդրեցի պառավին, եթե կարելի է՝ ինձ ցույց տալ հիվանդինը նա հոժարացավ։ Մենք միասին եկանք նույն գերմանուհու տուն։ Այնտեղի հիվանդը դուք էիք, ես ձեր քնարանի լուսամուտից ներս նայեցի, դուք պառկած էիք. բայց չհամարձակվեցա ներս մտնել տեսնելով մի այլ տղամարդի, որ նստած էր ձեր մահճակալի մոտ։ Իսկ այնուհետև ես ամեն կյուրակե գալիս էի նույն պառավի մոտ և հարցնում ձեր առողջության մասին։ Պառավն ինձ ուրախացնում էր միշտ՝ հաղորդելով ձեր առողջության օրըստօրե ուղղվելու մասին. այլև նա հաղորդեց ինձ մի քանի տեղեկություններ ձեր բնավորությունից, որոնք խիստ հետաքրքրեցին ինձ, և այնուհետև ես ցանկանում էի ձեզ հետ ծանոթանալ։ Այդ էր պատճառը իմ այն վերին աստիճանի անքաղաքավարության, որ երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք գրավաճառանոցում, ես խնդրեցի ձեզնից՝ անձամբ բերել «Քնար Հայկական»-ը մեր տուն։

— Շնորհակալ եմ ձեր բարեսրտության համար, ազնիվ օրիորդ,— ասաց Քաջբերունին և բարեկամարար սեղմեց նրա ձեռքը։

— Բայց այն մանուկ տղամարդը ո՞վ է, որ ձեզ հետ կենում է,— հարցրեց օրիորդը։

— Նա իմ ընկերն է՝ համալսարանից սկսած։

— Պետք է այն պարոնը ազնիվ տղամարդ լինի, գերմանուհի