Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/192

Այս էջը հաստատված է

Ներս մտան՝ օրիորդի քույրը՝ Սաթենիկը, մի սևլիկ աղջիկ, թավ գիսակներով և փոքրիկ դեմքով, և նրա եղբայրը՝ Արշակը, փոքր քրոջ նման մանուկ, գորշ դեմքով։ Երկուսն էլ քաղաքավարությամբ մոտեցան, ձեռք տվին Քաջբերունուն և նստեցին իրանց մոր մոտ։ Օրիորդը ցույց տվավ նրանց վրա՝ ասելով.

— Արշակը եղբայրս է, Սաթևնիկը փոքր քույրս, դրանց երկուսի անունն էլ մեծ եղբորս դրածն է։

Մեծ եղբոր անունը հիշելուս՝ տիկին Եղիսաբեթի աչքերը լցվեցան արտասուքով, օրիորդը նկատեց այդ և շուտով խոսքը փոխեց։

Մատուցին թեյ։ Քաջբերունին մի փոքր ևս խոսեց այս ու այն բանի վրա, հետո գդակն առավ ու հեռացավ։

ԼԵ

Գալով իրանց կացարանը՝ Քաջբերունին բոլորը պատմեց Արամյանին, թե ի՛նչպես առաջին անգամ տեսել էր օրիորդ Աննային թատրոնում, այնուհետև ի՛նչպես հանդիպեցավ գրավաճառանոցում և թե հետո ի՛նչպես ծանոթացավ նրա հետ։

Քաջբերունին բոլորովին պերճաբան չէր, բայց խոսելով օրիորդ Աննայի վրա, նրա խոսակցության անփույթ և անզարդ ոճն ընդունում էր բավական գեղեցիկ ձև։

— Նրա բոլոր գոյության մեջ,— շարունակեց նա,— չէ երևում ոչինչ բան կեղծյալ, նա պատկերանում է քո առջև որպես մարմնացած առաքինություն՝ յուր պարզ և հրեշտակային սրբությամբ։ Նրա խելացի դեմքն արտահայտում է հեզություն և բարեսրտություն: Նրա աչքերի մեջ վառվում է երկնային հուր, մինչ այն աստիճան գրավիչ և բաղմախորհուրդ, որով իսկույն հրապուրվում ես, և դու մեծավ հաճությամբ ասում ես, թե արժե սիրել դրան...։

— Ասա՛, խնդրեմ,— հարցրեց Արամյանը,— ի՞նչպիսի ուսում և կրթություն ունի նա։

— Նա չէ եղել ոչ մի վարժարանում, այլ ուսել է յուր հոր և եղբոր մոտ. նա բավական մաքուր խոսում է յուր մայրենի լեզվով և բավական հասկանում է մեր հին լեզուն. ունի բավական զարգացած խելք, նա խոսում է քեզ հետ ամեն առարկայի վրա՝ ուսումնական, արհեստական, քաղաքական, կրոնական և այլն, և բոլորի մեջ հայտնում է յուր առողջ դատողությունը և յուր խելացի կարծիքը։