Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/194

Այս էջը հաստատված է

ուպրավլենիում։ Նա մի տղամարդ է բավական գեղեցիկ դեմքով, բարձրահասակ և վայելուչ հագնված. ես՝ խղճալիս, օրիորդի այդ նոր տարփածուի առջև կորցրի իմ բոլոր արժանավորությունս։

—Ի՞նչպես կապվեցավ օրիորդը այդ աստիճանավորի հետ,— հարցրեց Արամյանը հետաքրքրությամբ։

— Չէ՞ որ ես ասացի, թե նա ծառայում է ինժեներնոյե ուպրավլենիում, և ճանճուր Իվանիչը իբրև մի փոդրաթջիկ (կապալառու)մարդ, իհարկե, միշտ գործ ունի այնտեղ, և փոդրաթչիկները միշտ կաշառքով գրավում են այնպիսի աստիճանավորներից մեկին, որ ծառայում է իրանց շահերին. այդ պատճառով Հիջյալ պարոնը ծանոթ է լինում Ճանճուր Իվանիչի հետ, և գիտենալով, որ նա սիրուն աղջիկ ունի, սկսում է յուր բարեկամությունը ավելի պնդացնել, մինչև անգամ երթևեկել Հացի-Գելենց տուն. հետո էլ յուր բնակությունը փոխում է այնտեղ, և ի՞նչ մի դժվար բան է տիրել Սոֆիի նման թեթևամիտ աղջկա սրտին. վերջապես նա հասնում է յուր նպատակին։

— Ճանճուր Իվանիչը չէ՞ կասկածում նրանից, — հարցրեց Քաջբերունին։

— Կասկածանքը այնտեղ նշանակություն չունի, երբ Ճանճուր Իվանիչը աչքի առջև ունի յուր նյութական շահերը. նա առավել ուրախ կլիներ մի այդպիսի՝ նրա համար բարեբախտ հանգամանքներում, եթե յուր դստեր սիրով, նույնիսկ նրա պատվի գնով, կարողանար որսալ ինժեների սերտ բարեկամությունը, որ ամեն տարի կարող էր նրան հազարներով օգուտ տալ։

— Ուրեմն դու հաղթվեցա՞ր ինժեներից, — հարցրեց Քաջբերունին։

— Այո՛, իմ բոլոր հնարագիտություններս փշրվեցան։ Բայց եթե այդ անիծյալ Ճանճուր Իվանիչը սուդերում դատ ունենար, ես էլ միևնույն դերը կխաղայի, ինչ որ ինժեները. դժբախտաբար նա ոչ ոքի հետ վեճ չունի։

— Ուրեմն աշխատիր նրան քարշ տալ դեպի սուդ, — ասաց ծիծաղելով Արամյանը։

— Եվ ես դրա վրա եմ մտածում, — պատասխանեց Դիաչկովը — առանց այդ չէ՛ կարելի։

— Այո՛, մտածի՛ր, — կրկնեց Քաջբերունին կատակով, — և հարկավոր է մտածել...։

— Որպես ստուգել եմ՝ ինժեները կամենում է պսակվեք Սոֆիի վրա, և Սոֆին էլ բոլորովին խելքից ելած է նրա համար։