Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/204

Այս էջը հաստատված է

է, որ դու քո ազգակցի դժբախտության վրա ես հիմնում քո մոլեկան հրապույրները։ Եվ չնայելով, որ մի ամբողջ հայ գերդաստան զրկվում է օրական հացից, դու ուրախ ես, որ խեղճ քաղաքացու դառն վաստակը պետք է զոհ դառնա քո ագահությանն ու անխղճությանը։

— Ի՞նչ հայ, — արհամարհանքով կրկնեց Դիաչկովը, — մենք վաղուց կարդացել ենք քո հայի «հոգվոցն ու հանգուցելոցը»։

— Ուրացո՛ղ,— գոչեց Քաջբերունին կատաղությամբ.— չե՞ս սարսափում, որ այդպես անարգությամբ բերան ես առնում դու իմ ազգի անունը։ Ահա՛ ես կլռեցնեմ քեզ։

Եվ նույն րոպեին Քաջբերունին մի ծանր ապտակ տվեց ուրացողի երեսին, որի գլխարկը թռավ գլխից և ինքը թավալվեցավ նրա ոտքերի տակ։

Եթե Արամյանը շուտով վրա չհասներ, ուրացողի մարմինը ջարդուփշուր կլիներ Քաջբերունու ոտքերի տակ, այնքան սաստիկ նա բարկացած էր։ Գլխի մազերը խճճված, շորերը փոշոտված, առանց գլխարկի դուրս գնաց Դիաչկովը' ասելով.

— Այս իրավո՞ւնք է, որ դուք այսպես վարվեցաք ինձ հետ։

— Այդ թող քեզ դաս լինի, մինչև որ դու չափ դնես լեզվիդ։

— Շա՛տ լավ․․․,— ասաց Դիաչկովը և հեռացավ։

Արամյանը նրա գլխարկը դուրս ձգեց լուսամուտից։ Մի քանի րոպե Արամյանն ու Քաջբերունին լուռ նստած էին միասին. վերջինի դեմքն արտահայտում էր սարսափելի բարկություն։ Արամյանը լուռ նայում էր յուր ընկերի վրա, չհամարձակվելով նրան խոսեցնել, որովհետև նրան ծանոթ էր յուր ընկերի բնավորությունը։

Լէ

Մի քանի օր էր Արամյանը սրբագրում էր յուր ողբերգությունը մաքուր թղթի վրա, վերջացնելուց հետո նա մոտեցավ Քաջբերունուն՝ ասելով․

— Իմ ողբերգությունը բոլորովին պատրաստ է, կամենո՞ւմ ես այս գիշեր գնանք օրիորդ Աննայի մոտ կարդալու։

— Գնա՛նք, — պատասխանեց Քաջբերունին։

Երեկոյան զանգակները հնչում էին, երբ նրանք դուրս եկան իրանց կացարանից և սկսան դիմել դեպի Սեպուհյանցի տուն։

Նրանք գտան օրիորդ Աննային յուր առանձնասենյակում պարապելիս յուր փոքրիկ քրոջ հետ հայոց լեզվի դասով։ Տեսնելով