Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/209

Այս էջը հաստատված է

մինչև այսօր նրանց ո՛չ մինը այն ազդեցությունը չէ գործել ինձ վրա, ինչպես ձեր գրածը։

— Այդ ձեր ազնիվ զգացողությունից է,— պատասխանեց Արամյանը։

— Ինչո՞վ պիտի վարձատրես դու Արամյանի աշխատությունը,— ասաց տիկին Եղիսաբեթը.— նա բավական հոգնեցավ, քաղցրավենիք կամ ինչ որ ունինք, գնա բեր։

Օրիորդը վեր կացավ և մի քանի րոպեից հետո մատուցարանի վրա բերավ զանազան տեսակի խիստ վարպետությամբ պատրաստած մուրաբեք։

— Այդ մուրաբեքը Աննայի եփածն է,— ասաց տիկին Եղիսաբեթը՝ հրավիրելով հյուրերին ճաշակել։

— Այդպիսի չնչին բաներով միայն կարող ենք պարծենալ մենք՝ հայ օրիորդներս,— խոսեց օրիորդ Աննան։— Մեր ընտիր ձեռագործն է խոհանոցի պտուղ կամ դերձակի գործունեություն, մենք չունինք կրթություն և ոչինչ չենք ուսած, և մի լավ բան մեզնից չէ կարելի հուսալ, մի մադամ X... միայն կարող է հառաջանալ գաղզիացու պես ուսյալ ժողովրդից և ոչ անկիրթ հայ աղջիկներից։

— Ցավալի է ասել,— խոսեց Արամյանը,— որ այս քաղաքի աղջիկներն ըստ մեծի մասին զուրկ են և դրանցից. շատերը տակավին չգիտեն՝ հացը փռնումն են, թխում թե՞ բուսնում է որպես գետնախնձոր, և նույնիսկ թել ու ասեղ բանացնել ևս չգիտեն։

— Այո՛, վերին աստիճանի ստոր դրության մեջ է մեր վիճակը այս քաղաքում,— պատասխանեց օրիորդ Աննան,— մենք չունինք ո՛չ բարոյական և ո՛չ գիտական կրթություն, մենք չգիտենք ո՛չ տնտեսություն և ոչ կառավարություն, մի խոսքով մենք աստծո ձեռքի ամենաանպետք արարածն ենք։

— Ձեր կարծիքը չափազանց խիստ է իգական սեռի մասին,— պատասխանեցին օրիորդին։

— Անձնախաբեությունը ոչինչ նշանակություն չունի, բացի վնասակար հետևանքներից,— պատասխանեց օրիորդը։— Ո՛վ չէ նկատում յուր թերությունները, նա կզրկվի ամենայն հառաջադիմությունից։

Նրանք դեռևս երկար խոսեցին այդ նյութի վրա, և օրիորդն առավել խելացի կերպով ապացուցեց, որ իրանց քաղաքում աղջիկները ոչ այլ ինչ են, բայց միայն «դատարկ խրծիկներ» կամ «երեխայի խաղալիքներ»։ Մանուկ տղամարդիկը բոլորովին համոզվեցան նրա ասածներից։