— Ե՞րբ եք մտադիր բեմի վրա ներկայացնել ձեր ողբերգությունը,— հարցրեց օրիորդ Աննան։
— Միտք ունիմ, որքան կարելի է, շուտով ներկայացնել,— ասաց Արամյանը։
— Ովքե՞ր են խաղալու։
— Մի քանի ուսանողներ մեր ընկերներից։
— Եթե մայրս թույլ տար, ես ևս մի դեր կվերցնեի,— ասաց օրիորդը։
— Այդ շատ լավ կլիներ. կամենու՞մ եք, մենք կխնդրենք նրանից։
— Ո՜չ, դուք միք խնդրիլ. ես ինքս կասեմ և կհամոզեմ նրան։
— Շա՛տ լավ։
Նրանք տաքացած խոսում էին. գիշերն աննկատելի կերպով անցնում էր։ Քաջբերունին նայեց ժամացույցին և տեսավ, որ տասներկուսից անց է։
— Ժամանակ է տուն գնալու,— ասաց նա և վեր կացավ։
Արամյանը նույնպես վեր կացավ․ նրանք պատրաստվեցան գնալու։
— Դուք կարծեմ,— ասաց օրիորդը՝ դառնալով դեպի Քաջբերունին,— մի քանի օր առաջ ինձ մի բան խոստացաք։
Քաջբերունին մտածման մեջ ընկավ։
— Մտքիցս գնացել է ամենևին,— ասաց նա։
— Որքան մոռացկոտ եք դուք,— խոսեց օրիորդն անկեղծաբար ժպտալով։— Դուք չխոստացա՞ք հայերեն պարապել ինձ հետ։
— Ա՛խ, այո՛,— ասաց Քաջբերունին,— ես սիրով կկատարեմ իմ խոստումս, առավոտվանից սկսենք։
— Շատ շնորհակալ կլինեմ,— ասաց գլուխ տալով օրիորդը։— Բայց դուք, պարոն Արամյան, եթե կարելի է՝ ձեր գիրքը թողեք ինձ մոտ, ես այս գիշեր կկարդամ մնացածը։
— Մեծավ ուրախությամբ,— պատասխանեց Արամյանը։
Նրանք հեռացան։
ԼԸ
Բավական ժամանակ հեռանալով Ճանճուր Իվանիչից, մեր ընթերցողը մի անգամ գոնե չմտաբերեց, թե ու՛ր մնաց այդ մարդը, չնայելով, որ խղճալին այժմ ընկած է դժբախտության դառն հարվածի տակ։
Մենք մյուս անգամ կտանենք մեր ընթերցողին Ճանճուր Իվանիչի մոտ. նա այժմ հիվանդ պառկած է յուր մահճակալի վրա։