Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/22

Այս էջը հաստատված է

այսօր սփռած էին։ Լիզան, Ելենան, Գրիգոլը Քիտեսը և Թինան մաքուր հագնված էին, մի քանի հյուրեր իրանց դրացի աղջիկներից, կնիկներից և մերձավոր ազգականներից թռչում էին այս կողմ և այն կողմ. միով բանիվ ամենուրեք տեսանելի էին ուրախ դեմքեր և լսելի էին ծիծաղի ձայներ, որ մի օտարոտի երևույթ էր այն թախծալի բնակարանի մեջ։ Բայց միևնույն անփոփոխ այն տան առարկաներից մնացել էր Ճանճուր Իվանիչի տրտում և մռայլոտ ռեխը, որին կյանքի բոլոր ուրախալի հանդեսները ազատել կարող չէին...։

Այո՛, Հացի-Գելենք պատրաստվել էին ընդունել օրիորդ Սոֆիին, որ ավարտելով յուր ուսումը տեղային գլխավոր իգական դպրոցում, այն օրը վարժարանի կյանքից փոխվում էր դեպի յուր ծնողների ընտանեկան կյանքը։

Տիկին Բարբարեն ինքն էր գնացել օրիորդ Սոֆիին բերելու պանսիոնից։

Ճանճուր Իվանիչը յուր սենյակում նստած մի մարդու հետ խաղում էին նարդի։

Այդ մարդը կոչվում էր Սամիլ Պետրովիչ Թաթուխով։

Այդ պարոնը կլիներ քառասունհինգ տարեկան, բարձր և լիքը հասակով, ալեխառն մազերով և հնամաշ հագուստով։ Նրա բոլոր շարժվածքի և խոսակցության մեջ նկատելի էր կեղծավորի խորամանկ ձևերը։ Արդարև, Թաթուխովը հայտնի էր որպես նույն քաղաքի չարախնդաց բամբասողներից մինը։ Նա բոլորովին անգործ և պորտաբույծ մարդ էր, և որպես այն քաղաքի հասարակության կենդանի օրագիրը, առավոտից մինչև գիշեր զանազան լուրեր ման ածելով, նա պատրաստ էր ամեն ծակ մտնել, ուսկից` ճաշի, խնջույքի, հարսանիքի և մեռելի հոգեհացի հոտ էր փչում։

Բայց նույն գիշեր, Սամիլ Պետրովիչը, չգտնելով մի յուղալի տեղ, ուր ընթրիքը խիստ ճոխ լիներ և սեղանը առատ, և նկատելով Ճանճուր Իվանիչի լուսամուտներից ճրագների վառվիլը, այդ անսովոր երևույթն առիթ տվավ նրան մտնել այնտեղ։ Եվ նա չսխալվեցավ յուր կարծիքի մեջ, երբ այն նշանավոր ժլատի տան մեջ գտավ մի օտարոտի հանդես, որ կարող էր ծառայել նրա փորին։

— Լսիլ ե՞ս նուր խաբար, Ճանճուր Իվանիչ,— ասաց Թաթուխովը նարդիի զարը ձգելով,— ասում ին Պրուսը Փռանցուզի հիտ կռվում է, ու Փռանցուզեմեն մե քանի քաղաք է առի։

— Ռո՞ւսը,— հարցրուց Ճանճուր Իվանիչը, չդադարելով խաղալուց։;