Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/228

Այս էջը հաստատված է

— Քո հանգուցյալ ամուսնի ամենամոտիկ բարեկամն էի,— շարունակեց նա։— Աստված իրան կյանք և արքայություն տա, շատ լավ մարդ էր լուսահոգին։ Կասեր. Արտեմ Պետրովիչ, դու էլ լավ մարդ ես, այդ պատճառով սիրում եմ քեզ։ Էհ, ո՞վ է մնացել այս անցավոր աշխարհում... Նա գնաց, հանգստացավ..․ իսկ ես մնացի․․․

Զգացմունքները խեղդեցին նրան, գունավոր թաշկինակը տարավ դեպի աչքերը, սկսեց դառն կերպով հեկեկալ։ Ամուսնի անունը լսելով, խեղճ կինը նույնպես զգացվեցավ։

— Մի՛ լաց լինիր, հոգուդ մատաղ, Քեթևան, աստված ողորմած է,— ձայն տվեց Արտեմ Պետրովիչը, մխիթարելով նրան․— շատը գնացել է, քիչն է մնացել։ Կանցնեն սև օրերը, և շուտով քեզ համար էլ մի ճար կլինի։

Քեթևանը փոքր-ինչ հանգստացավ։

Արտեմ Պետրովիչը վեր կացավ նստած տեղից, ավելի մոտեցավ նրան։

— Քո հանգուցյալ ամուսինը ինձ շատ լավություններ է արել,— ասաց նա մի առանձին ջերմեռանդությամբ։

— Ուզում եմ, որ նրա երախտիքը հոգուս վրա պարտք չմնա, ես էլ մի լավություն անեմ։ Դրա համար եկա քեզ մոտ, Քեթևան։ (Խոսքը մեր մեջ մնա, Արտեմ Պետրովիչը երբեք ծանոթություն չէ ունեցել Քեթևանի հանգուցյալ ամուսնի հետ։)

Դժբախտ կնոջ դեմքը փոքր-ինչ պարզվեցավ։ Այդ առաջին անգամն էր, որ մի մարդ բաց էր անում նրա մոռացված նկուղի դուռը և յուր կարեկցությունն էր արտահայտում։

— Առաջ ջեր այն ասա, Քեթևան, ի՞նչպես ես, ի՞նչ ես շինում, ինչպես է քո դրությունը։

— Տեսնում ես, Արտեմ Պետրովիչ, էլ ո՞ւր ես հարցնում,— պատասխանեց այրին, ձեռքով ցույց տալով յուր նկուղը։— Ահա՛ այդ է իմ դրությունը։

— Տեսնո՜ւմ եմ... տեսնո՜ւմ․․․,— կրկնեց Արտեմ Պետրովիչը, գլուխը ցավակցաբար շարժելով։— Ո՞ւր է որդիդ, ինչ է շինում։

— Ներսեսի շկոլումը կարդում է։

— Դու ի՞նչ ես շինում։

— Ալուր ծախողների ու փոդրաթչիկների համար մեշոկներ եմ կարում։

— Հատին ի՞նչ են տալիս։

— Մի կոպեկ։