Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/229

Այս էջը հաստատված է

— Լավ, օրական քանի՞ հատ պիտի կարես, որ հացի փող դուրս գա։

— Գիշեր ու ցերեկ կարում եմ։ Օր լինում է, որ քսան հատ, երեսուն հատ կարում եմ։ Տղաս էլ սովորել է, օգնում է ինձ։

Արտեմ Պետրովիչը կրկին գունավոր թաշկինակը տարավ դեպի աչքերը և լալագին ձայնով բացականչեց.

— Հա՛, գիդի հա՜... ո՞վ կմտածեր, որ Թիֆլիսի առաջին պատվավոր վաճառականի կինը ստիպված պիտի լինի մեշոկներ կարելով ապրել...

— Դրանով էլ ես շատ գոհ կլինեի, Արտեմ Պետրովիչ, եթե միշտ կար տային ինձ,— ասաց խեղճ կինը հոգվոց հանելով։— Բայց շատ անգամ գնում եմ և, գլուխս ծռած, ժամերով կանգնում եմ փոդրաթչիկի կանտորի դռանը, աղաչում եմ, պաղատում եմ ու էլի դատարկ ետ եմ դառնում։ Աղքատ կարողները այնքան շատացել են, որ գործ չեն հասցնում մեզ։

— Ճշմարիտ է, շատ ճշմարիտ է. ժամանակները վատացել են, մարդկանց սրտում այլևս խղճմտանք չէ մնացել, Քեթևան։ Դու շատ նեղություններ քաշեցիր, դու շատ տանջվեցար, Քեթևան, թող աստված ապաշխարություն համարե։ Բայց էլի ասում եմ քեզ, որ շատը գնացել է, քիչն է մնացել, կանցնեն այդ սև օրերը, և դու կրկին բախտավորություն կգտնես, Քեթևան։

— Ի՞նչով, ի՞նչպես,— անհամբերությամբ հարցրեց դժբախտ կինը։— Դե՛ ասա՛, էլ ու՞ր ես չարչարում ինձ։

— Սպասի՛ ր, մի՛ շտապիր, բոլորը կպատմեմ, Քեթևան,— հանդարտությամբ ասաց բախտավորության ավետաբերը և այս անգամ գունավոր թաշկինակը տարավ դեպի յուր քիթը։

Արտեմ Պետրովիչը սովորություն ուներ ամեն ինչ Նոյ նահապետից սկսելու։ Նա պատմեց՝ թե մի օր կանգնած էին Թամամշովի քարվանսարայի առջև և Աղա-Պարոնովի հետ «դեսից֊դենից» խոսում էին։ Փակագծի մեջ ակնարկեց, թե Աղա-Պարոնովը իրան շատ հարգում է և միշտ կրկնում է. «Արտեմ Պետրովիչ, դու լավ մարդ ես»։ Այն ժամանակ, երբ կանգնած խոսում էինք, դպրոցի աշակերտները դեռ նոր էին արձակվել, խումբերով անցնում էին։ Դարձյալ փակագծի մեջ ակնարկեց, թե Աղա-Պարոնովը մի առանձին գութ ունի դեպի դպրոցների աշակերտները, և միշտ յուր առատաձեռնությամբ օգնում է նրանց, բայց այդ շատերը չեն իմանում, գիտե միայն Արտեմ Պետրովիչը։ Աշակերտների խումբի մեջ տեսավ նա մի պատառոտված և գջլտված տղա, իսկույն գութը շարժվեցավ։