Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/23

Այս էջը հաստատված է

— Չէ, Պրուսը,— պատասխաներ Սամիլ Պետրովիչը։

Ճանճուր Իվանիչը, ծանոթ չլինելով այդ օտարոտի անվան հետ, կրկնեց յուր հարցը.

— Պրուսը ո՞վ է։

— Նա էլ մի թագավոր է Եվրոպումը,— պատասխանեց Սամիլ Պետրովիչը քաղաքագետ մարդու ոճով:

— Է՜հ, թող մեկզմեկու միս ուտին, ի՛նչ միր բանն է թագավորներու վրա խոսիլը,— ասավ սառնությամբ Ճանճուր Իվանիչը և հորանջեց յուր վիզը քորելով։

— Գազեթներում գրած էր, վուր Սեդանի մոտ մինձ կռիվ է էլի, Նապոլեոնի գերի ին տարի հարյուր օխտանասունուհինգ հազար սալդաթով,— ավելացրեց Սամիլ Պետրովիչը։

Ճանճուր Իվանիչը, բոլորովին անկարեկից բացատրություն տալով յուր դեմքին` խոսեց.

— Ախա՞ր սատանի մոտ ի՞նչ գործք ուներ Նապոլեոնը, վուր գերի էր ննգնում. է՜հ, ի՞նչ կուզի անին, քիսեմես ի՛նչ է գնում։

Դուն միր քաղկի բանն ասա՛, Սամիլ Պետրովիչ։

Արդարև, եթե բոլոր աշխարհը քանդվելու լիներ, Ճանճուր Իվանիչին փույթ չէր, միայն նրա կոպեկին վնաս չլիներ։ Եվ Սամիլ Պետրովիչը՝ նկատելով որ նա ամենևին համակրություն ցույց չտվավ յուր քաղաքական լուրերին, խոսքը փոխեց, ասելով.

— Էս էլ քեզ քաղկի թազա խաբար, լսի՞լ իս, Խաշուտողի տղեն, ասում ին, փոդրաթներում զարար է արի, ու էգուց տնիրը տորգով ծախում ին։

— Էդ լա՛վ խաբար է...— կրկնեց Ճանճուր Իվանիչը` դադարելով խաղալուց, և նույն րոպեում ուրախության նման մի բան փայլեցավ նրա մեռած դեմքի վրա։

— Քանի՞ է նրա խազնի պարտքը։

— Քառասուն հազար մանեթ։

— Էդ լա՛վ է...— կրկնեց Ճանճուր Իվանիչը խորին ոգևորությամբ։

— Ամա քառասուն հազար մանեթն էլ շատ փուղ է, է՜,— պատասխանեց բամբասողը գլուխը շարժելով։

— Հոգին դուրս գա,— նրա խոսքը կտրեց Ճանճուր Իվանիչը,— նա շատ իր ասածի էր, ու վոլտն էլ իր լհեբի դորա չէր ձգում...

Եվ նա մի քանի վայրկյան մտածության գնաց։

Մեզ հայտնի է, որ Ճանճուր Իվանիչի այդ լռությունը որևիցե ցավակցության զգացմունք չէր դեպի խղճալի Խաշուտողի տղան,