Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/234

Այս էջը հաստատված է

ամուսինը, Սերգեյ Եգորիչը, առանց քաշվելու, անխնա կերպով կոտրատում էր այդ լեզուն, ինչպես կոտրատում էր յուր ատամների տակ անուշ «զուրգիելի» պատառները։ Հրեաները կորցնելով իրենց լեզուն, ի՛նչ լեզվով որ սկսեցին խոսել, ծիծաղելի դարձան։ Այդպես է և թիֆլիզեցի հայը։

Սերգեյ Եգորիչր միջահասակ մարդ էր՝ կարմիր երեսով, որ միշտ խնամքով սափրելու սովորություն ուներ։ Սովորություն ուներ նաև կարճ կտրել գլխի ալեխառն մազերը և մկրատել ընչացքները։ Վերջինը վատ նշան էր։ Նրա նեղ, խորամանկ աչքերը այնպիսի տպավորություն էին գործում, որ, կարծես, ասելիս լինեին՝ «չհավատաք ինձ»։ Մի կեղծ ժպիտ միշտ խաղում էր ուռած շրթունքների վրա։ Նա ոչ մի կրթություն չէր ստացել, յուր անունը հազիվ ստորագրել գիտեր, այն ևս վրացերեն։ Իսկ նրա կինը, Մարիա Սերգեևնան, կարողանում էր ռուսերեն սխալներով կարդալ։ Դա այն կարճավիզ, կարճամեջք, հաստափոր կանանցից մեկն էր, որ «տյուրնիրի» գործածությունից հետո ավելի այլանդակվեցան։ «Թավսակրավին» մնաց, իսկ մյուս հագուստները փոխվեցան Փարիզի վերջին տարազներով։ Նորը պատվաստվեցավ հնի հետ, մի պատվաստ, որ ամենևին չէր կպչում։

Հյուրերի թվում կար մի փոքրիկ, սևլիկ երիտասարդ, որ յուր վրա էր դարձրել բոլորի ուշադրությունը։ Դա մի նորավարտ բժիշկ էր, որ ամեն հիվանդություն գիտեր բժշկել, բացի շահասիրության ախտից, որով վարակված էր և ինքը։ Աղա-Պարոնովների տանը համարյա ամեն շաբաթ պատրաստ էր մի կամայական հիվանդ, որի առիթով հրավիրում էին երիտասարդին, և ամեն այցելության ժամանակ, ստանալով ծրարի մեջ դրած կարմիր տասն ռուբլիանոցը, երբեք չէր ասում, թե հիվանդը բոլորովին առողջ է, այլ միշտ կրկնում էր. «կանցնի»․․․։

Երիտասարդ բժշկին լայն ասպարեզ էր սպասում։ Ավելի յուր ճարպկություններով, քան թե գիտությամբ, նա արդեն ընդհանուր խոսակցության առարկա էր դարձել։ Յուրաքանչյուր հարուստ համարում էր նրան լավ փեսացու։ Նույն համարումը ունեին և Աղա-Պարոնովները (Թիֆլիսի հարուստ վաճառականները մի առանձին մոլություն ունին բժիշկ֊փեսացուներ որսալու)։ Այդ էր պատճառը, որ միշտ զանազան առիթներով հրավիրում էին նրան իրանց տանը, որպեսզի ընտելացնեն օրիորդ Անիչկայի հետ։ Օրիորդի հայրը արդեն քառասուն հազարը մտքում գրած ուներ, բայց երիտասարդի ուեղի մեջ հիսուն հազարն էր պտտվում։