Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/241

Այս էջը հաստատված է

մատներով բաց անել, առանց զգալու, որ կտրելու միջոցին մատը սաստիկ ծակվեցավ, և արյան վարդագույն կաթիլը ցայտեց վարդի դժգույն թերթիկների վրա։ Այգեպանը հեռվից նայում Էր նրա վրա և բարեսրտաբար ժպտում էր։ Նա մի քանի անգամ զգուշացրեց, թե ճեմելիքները դեռ թաց են ու խոնավ։ Բայց օրիորդը չլսեց։ Նա տխուր էր և հուզված։ Նրա սրտում ինչ—որ ալեկոծվում էր։ Այստեղ ևս չկարողացավ ցրվել յուր ամբոխմունքը։ Կտրած վարդը խրեց բաբախող կուրծքի վրա և սկսեց դանդաղ ու մոլորված քայլերով դուրս գալ պարտեզից։

Կրկին բարձրանալով պատշգամբի վրա, նա անցավ խոհանոցի մոտով, որի լուսամուտները ներսի սաստիկ ջերմության պատճառով` բաց էին արել։ Ծառաները, սպասավորները, վերջացնելով իրանց գործը, անկարգ կերպով հրհռում էին, ծիծաղում էին, իրանք ևս նստել էին ճաշելու։ Աղմուկը գրավեց օրիորդի ուշադրությունը, գլուխը ներս տարավ լուսամուտից, սկսեց նայել։ Ծառաների զվարճության առարկան մանկահասակ Փրիդոնն էր (Արտեմ Պետրովիչի հայթայթած սպասավորը), որ այդ միջոցին հանաքներ էր անում մի կարմրաթուշ ռուս աղախնի հետ, փորձում էին իրանց ուժերը և, երկուսն էլ ընկնելով խոհարարի մահճակալի վրա, խեղդում էին միմյանց։ Օրիորդը երկար, մի առանձին հաճությամբ նայում էր վայրենի սիրո կատաղության վրա, մինչև լսելի եղավ մոր ձայնը.

—Անիչկա, ո՞րտեղ ես դու, Անիչկա։

Օրիորդը թողեց զվարճալի լուսամուտը, մոտեցավ մորը:

—Ո՞րտեղ էիր, —մայրը։

—Ման էի գալիս պատշգամբի վրա, —կարմրելով պատասխանեց օրիորդը։ —Գլուխս չգիտեմ ինչու ցավում է..

Մոր աչքերը ընկան նրա կոշիկների և հագուստի վրա։

—Այդ ի՞նչ է, բոլորը աղտոտել ես, բոլորը ցեխոտել ես։

—Ասում եմ, գլուխս ցավում է... պտտվում է... ո՞վ է իմանում, որտեղ եմ քսվել...

—Դա շատ անվայել է, Անիչկա, —ասաց մայրը փոքր—ինչ զայրացած ձայնով։ —Դու պետք է չհեռանաս հյուրերից։ Այնտեղ խնդրում են, որ մի բան ածես դաշնամուրի վրա, իսկ դու չկաս։

Օրիորդը ոչինչ չպատասխանեց։

—Այժմ այդ հագուստով ի՞նչպես կհայտնվես դու հյուրերի մոտ։

—Մի՛ բարկանար, սիրելի մայրիկ, —ասաց օրիորդը գրկելով մոր պարանոցը։ —Ես իսկույն կփոխեմ հագուստս։