Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/246

Այս էջը հաստատված է

էր, որ չարը խափանվի։ Գրելու ժամանակ զմելինն ավելի շատ գործ էր կատարում, քան թե փետուրյա գրիչը, որի գործածության սովորությունը դեռ պահպանել էր նա։ Այդ էր պատճառը, որ նրա դավթարներում թերթ չկար, որ անդադար քերելուց մի քանի տեղ ծակված չլիներ։

Սերգեյ Եգորիչը ա՛յն խոշոր դրամատերերից մեկն էր, որ կարող էր, եթե ցանկանար, դուրս գալ յուր ողորմելի խանութից, և ավելի կանոնավոր ու ընդարձակ առևտրական ձեռնարկությունների մեջ մտնել։ Բայց դրա համար պակասում էին նրան նույն ձեռնարկությունների պահանջած ընդարձակ հմտությունները։ Բացի դրանից, նա կաշկանդված էր այն հին նախապաշարմունքով, թե ինչ գնով որ հացի տեր ես դարձել, նույնը պետք է շարունակես»։ Նրան դժվար էր բաժանվել յուր արշինից ինչպես դժվար էր բաժանվել փետուրյա գրչից թեև ամբողջ լուսավոր աշխարհը երկաթյա գրչով էր գրում։

Արտասահմանի հետ գործ չուներ նա և մանավանդ սաստիկ բարկանում էր, որ նրանք ռուսաց ռուբլին անխնա կերպով մկրատում են։ Յուր վաճառքները ստանում էր Մոսկվայից և Ռուսաստանի այլևայլ քաղաքներից, թեև միշտ հավատացնում էր, որ «զագրանիցի» ապրանք է։ Վաճառում էր ըստ մեծի մասին բրդեղեն և մետաքսյա գործվածքներ։ Բանկային հիմնարկություններին չէր համակրում։ «Դրանք դուրս գալուց հետո, ասում էր նա, հայ-քրիստոնյայի գործը խարաբ էլավ, քանի որ դրանք չկային, մենք փողը ավելի մեծ տոկոսներով շահով էինք տալիս»։ Բայց Սերգեյ Եգորիչի տրտունջը բոլորովին անտեղի էր, գոնե իր վերաբերությամբ, որովհետև նա երդվել էր թե «ձեռքս կկտրեմ, բայց թումանը ամիսը երկու աբասուց պակաս չեմ տա» (40 տոկոսով)։ Երբեմն միայն փոքր-ինչ զիջումներ էր անում, երբ անշարժ կալվածքներ գրավ դնելով, նրանից փող էին առնում։

Առավոտից մինչև երեկո անբաժան էր խանութից։ Մի շատ կարևոր գործ միայն կարող էր նրան դուրս կոչել իր դրամարկղի մոտից։ Ամեն ինչ յուր ձեռքով էր կատարվում, ամեն ինչ յուր հսկողության ներքո էր, թեև ոչ մի խանութում այնքան գողություններ չէին լինում, որքան նրա խանութում։

Ճաշին տուն չէր գնում, այլ աշկերտներից մեկը տնից «բաժին» էր բերում: Նրանից ավելացածը ուտում էին աշկերտները, թեև ոչինչ չէր ավելանում։ Տնից բերված ճաշը պետք է անպատճառ պարզ լիներ և սակավ։ Հաց ու պանիր, երբեմն փոքր-ինչ ձկնեղեն,