Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/247

Այս էջը հաստատված է

մի տեսակ ջրալի կերակուր, փոքր ինչ կանաչեղեն, -այդքանը միայն: Գինու գործածության մեջ ավելի շռայլ էր. պետք է անպատճառ կես շիշ լիներ, այն ևս կարմիր։ Խանութում «կատլետ», «ժարկո» և ուրիշ այս տեսակ եվրոպական կերակուրների գործածությունը անվայել էր համարում, որպես անվայել էր համարում «չանգալ-դանակով» ուտելը։ Այստեղ ուտում էր մատներով, իսկ տանը արծաթյա «չանգալ-դանակով»։

Իսկապես, Սերգեյ Եգորիչը սակավապետ մարդ էր։ Նա յուր տանը սեղանի վրա` «կատլետը» և զանազան կերպով պատրաստված նուրբ «սուպերը» ուտում էր ոչ իբրև բնական պետք, այլ որպես սովորության ստիպողական պահանջ։ Բարձր շրջաններին նմանվելու համար` պետք էր այնպես ուտել, նա էլ այնպես էր ուտում, ինչպես բարձր շրջաններին նմանվելու համար պետք էր «ցիլինդր» կրել կամ օսլայած շապիկ հագնել, նա էլ հագնում էր։ Թե՛ առաջինը, թե երկրորդը կատարում էր բոլորովին դժկամությամբ։ Բայց մի մեղքից միշտ իրան ազատ պահեց, այն էր, որ երբեք ձեռնոցներ չկրեց և ֆրակ չհագավ։ Հովանի գործ էր ածում միայն անձրևային օրերում, ձյունից և արեգակից չէր վախենում։

Իբրև գնահատիչ Սերգեյ Եգորիչի հատկությունների, ավելորդ չէր լինի հիշել մի դեպք, Թիֆլիսի ամառանոցներից մեկում կառուցանում էին նրա համար մի նոր շենք։ (Նա զանազան ամառանոցներում տներ ուներ, որ վարձով էր տալիս։) Գնացել էր նոր շենքը տեսնելու։ Գործավորները մի ոչխար էին մորթել և «խաշլամա» էին արել։ Նա նստեց բանվորների հետ կերավ յուր վաղուց չտեսած կերակուրը, իսկ ճաշը վերջանալուց հետո ասաց բանվորներին. -«քանի՜ տարի էր, որ այսպես իշտահով հաց չէի կերել»։

Յուր խանութում ճաշելուց հետո` սովորություն ուներ փոքր-ինչ հանգստանալու։ Ետևում, մի բոլորովին մթին խորշում կար դատարկ տեղ, ուր ածած էին խանութի ավելները, նավթի ամանը, ձեռքի լամպաները, սեղանի պարագայք և զանազան կոտրատված իրեղեններ, որ դժվար էր հասկանալ, թե ի՞նչ բանի պետք էին։ Այդ փոշու և սարդի ոստայնի տակ ծածկված խառնափնթորության մեջ դրված էր մի հասարակ սեղան անգույն փայտից, իսկ նրա մոտ՝ մի տախտակ, որ երկար նստարանի ձև ուներ։ Սերգեյ Եգորիչի տանից ստացված ճաշը դրած էր` առանց սփռոցի, մերկ սեղանի վրա։ Բոլորովին հոգնած յուր շաբաթ օրվա պարապմունքներից, և մանավանդ շատ խոսելուց և շատ երդվելուց, ներս մտավ նա, բազմեցավ սեղանի մոտ, նստարանի վրա։ Չնայելով որ ցերեկ էր, բայց այդ խորշում սաստիկ մութն էր։ Աշկերտներից մեկը վառեց լամպը,