Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/251

Այս էջը հաստատված է

Արուսյանի խանութից բերելով, սկսել էր կարդալ։ Ամբողջ քարվանսարան ոչ մի լեզվով լրագիր չէր կարդում։ Մի քանի հոգի ստանում էին մի ռուսաց թերթ, միայն հայտարարությունները կարդալու համար։

Նա մտքին դրեց վնասել այս Արուսյանին և մինչև անգամ բոլորովին ոչնչացնել նրան։ Յուր նպատակին հասնելու համար ձեռք առեց կեղծ բարեկամությունը։ Դա Աղա֊Պարոնովի ամենավտանգավոր զենքերից մեկն էր։ «Ումը կամենում ես վնասել, նախ հետը բարեկամացիր»— նրա համար կանոն էր դառել։ Թեև պարոն Արուսյանը ամենևին չէր հավատում նրա բարեկամությանը, բայց, ի պատիվ դրացիության, արհամարհանք ևս չէր ցույց տալիս, միայն երբ Աղա–Պարոնովը զանազան շողոքորթություններով դիմում էր նրան, երիտասարդի գունաթափ շրթունքների վրա միշտ պատրաստ էր մի հեգնական ժպիտ, որ սաստիկ խոցոտում էր նրան։

Աղա֊Պարոնովը հայտնի ուժ էր ամբողջ քարվանսարայում: Վաճառականներից մեծ մասը նրա փողովն էին առևտուր անում, այդ պատճառով, միշտ զայրանում էր, թե ինչո՞ւ պարոն Արուսյանը չէ դիմում նրան, որ գոնե պարտքերի միջոցով ստրկացնե նրան։ Իսկ պարոն Արուսյանը թեև խիստ սահմանափակ կարողության տեր էր, բայց թե՝ Մոսկվայում և թե արտասահմանում բավական վարկ ուներ, բացի դրանից, նա յուր գործերը այնքան կանոնավոր կերպով էր տանում, որ երբեք Աղա-Պարոնովի կորստաբեր սնդուկին դիմելու կարոտություն չուներ։

Չնայելով այդ բոլորին, հասարակաց կարծիքը Աղա֊Պարոնովի մասին շատ նպաստավոր էր։ Նրան համարում էին ոչ միայն ճշմարիտ մարդ, այլ մինչև անգամ առաքինի մարդ։ Նա գիտեր գրավել, գիտեր հաճոյանալ։ Ամեն տարի, Մեծ Զատկի տոնին, սովորություն ուներ մի քանի հարյուր ռուբլի ընծայել այս կամ այն համքարին, որ գնան Օրթա-Ճալա, մատաղ կտրեն ու իրանց համար քեֆ անեն։ Երբեմն արհեստավորների աղքատ կամ որբ աղջիկները յուր փողով մարդու էր տալիս։ Վաղուց խոստացել էր և շատ անգամ կրկնում էր, թե քաղաքի այնինչ թաղում, որ զուրկ էր եկեղեցուց, պետք է յուր փողով եկեղեցի կառուցանե։ Բարեգործական դեպքերում բավական առատաձեռն էր։ Երբ ներկայացնում էին նրան որևէ հանգանակության թերթ, միշտ պատրաստ էր մի քանի հարյուր ռուբլի ստորագրել, երբ մանավանդ գիտեր, որ լրագրներում պետք է հրատարակվի։ Այդ պատճառով, երախտագետ համքարները և մանր խանութպանները պաշտում էին նրան և իրանց բարերարի լավությունները