Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/258

Այս էջը հաստատված է

համապատասխանում էր այն անշքությանը, որ տիրապետում էր այնտեղ։ Յուրաքանչյուր առարկայի մեջ նկատվում էր ճաշակ և հարմարություն։ Պահարանում կարգով շարված էին զանազան գրքեր, զանազան լեզուներով։ Լայն գրասեղանը ծանրաբեռնված էր այլևայլ ուսումնական պարագայքով։ Նրա հանդեպ՝ պատից քաշ էր ընկած սենյակի միակ զարդը, մի տխուր պատկեր, որ ներկայացնում էր ավերակների ընդարձակ տարածություն։ Մի մանկահասակ կին, սգավոր դեմքով, նստած էր փլատակների վրա և ձեռքը մեկնած, մի առ մի ցույց էր տալիս յուր փոքրիկ զավակին կործանված քաղաքները, հզոր պալատների բեկորները, և պատմում էր նրանց անցյալի պատմությունը։

Հայրապետի հեռանալուց հետո՝ պարոն Արուսյանը կրկին մոտեցավ գրասեղանին, նստեց, և ծոցի գրպանից հանելով մի փոքրիկ տետրակ, սկսեց կարդալ։ Նա ուշադրությամբ կարդում էր և միևնույն ժամանակ մատիտով ուղղում էր զանազան տեղերը։ Այս արարմունքի մեջ խորասուզված էր, երբ սենյակի դռները հեզիկ կերպով բացվեցան, և կաշյա թղթապահը թևքի տակին, ներս մտավ մի մանկահասակ օրիորդ։ Նրա սևլիկ դեմքը ավելի մռայլ արտահայտություն էր ստացել մուգ-ծխագույն խոշոր ակնոցներից, որոնց տակին թաքնված էին նույնպես խոշոր, բայց թախծալի աչքերը։ Նա լուռ մոտեցավ, թղթապահը դրեց պարոն Արուսյանի գրասեղանի վրա ու ձեռքը մեկնեց զբաղված երիտասարդին։

— Ա՜խ, դո՞ւ ես, Սաթենիկ,— ասաց նա տետրակը մի կողմ դնելով։— Կներես, օրիորդ, որ երեկ ես բոլորովին մոռացա ասել, որ այս երեկո հազիվ թե կարող կլինեմ պարապել քեզ հետ։

— Ոչինչ,— ասաց օրիորդը մի այնպիսի խուլ ձայնով, որ որովայնախոսի նման, կարծես կուրծքի խորքիցն էր լսվում։— Ես իսկույն կգնամ, չեմ խանգարի քեզ։

— Նա զգուշությամբ գրասեղանի վրայից առեց յուր թղթապահը և պատրաստվում էր հեռանալ։ Երիտասարդը նայեց ժամացույցին, ասելով.

— Նստի՛ր, դեռ ևս կարող ենք մի փոքր խոսել։ Օրիորդը կրկին թղթապահը դրեց գրասեղանի վրա և նստեց նրա մի կողմում։

— Այժմ ինչպե՞ս է առողջությունդ,— հարցրեց երիտասարդը։

— Դարձյալ նույնպես... ոչինչ փոփոխություն չի եղել...,— պատասխանեց նա նվազած ձայնով։

— Դու պետք է թողնես դասերդ, Սաթենիկ, անպատճառ պետք