Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/265

Այս էջը հաստատված է

ասաց նրան օրիորդը։ — Օրհնած, մի փոքր վաղ բերեիր, դու չէի՞ր իմանում, որ քո պարոնը հյուր ունի։

Հենց դո՞ւ էիր պակաս,— պատասխանեց ծառան յուր խռպոտ ձայնով։ — Ես յուր ժամանակին սամովարը դրել էի, բայց քաղցածները քեզանից առաջ եկան ու դատարկեցին։

Օրիորդը գիտեր, թե «քաղցածներ» բառը սովորաբար ի՞նչ տեսակ այցելուների համար գործ էր դնում Հայրապետը։

— Հայրապետին մի՛ խոսացրեք,— մեջ մտավ պարոն Արուսյանը,— նա այս երեկո սաստիկ բարկացած է։

— Այդ ոչինչ, մենք Հայրապետի հետ կկռվինք, դարձյալ շուտով կբարիշենք,— ասաց օրիորդը, տեղից վեր կենալով և մոտենալով իրան։— Հայրապետը լավ տղա է, հիմա կգնա հաց էլ կբերե, հոլանդական պանիր էլ կբերե, չի մոռանա և ծխախոտի մասին։ Թույլ տո՛ւր, բաժակները ես կմաքրեմ, իսկ դու գնա, սիրելի Հայրապետ։

Չնայելով Հայրապետի սաստիկ հակակրությանը դեպի օտարոտի օրիորդը, որ նրան բոլորովին անտանելի էր, ընդհակառակն, այս անգամ բավական շողոքորթեցին նրան «լավ տղաս և «սիրելի» բառերը, և նա չայդանը սամովարին դնելուց հետո իսկույն վազեց դեպի փողոցը պահանջած ուտեստները գնելու համար, մանավանդ նա գիտեր, որ այն երեկո սպասում էին և ուրիշ հյուրերի։

Ծառայի հեռանալուց հետո օրիորդը մաքրեց բաժակները, և առանց սպասելու, որ թեյը յուր գույնը բոլորովին դուրս տար, մի բաժակ ածեց յուր համար, մյուսը՝ պարոն Արուսյանի համար և, դնելով նրա գրասեղանի վրա, ինքն ևս նստեց նրա մոտ, ասելով.

— Այժմ խոսենք, ուրիշ ի՞նչ ունեիր հարցնելու։ Միայն կարճ կտրիր, որովհետև ես ժամանակ չունեմ երկար սպասելու։

—Ահա ի՛նչ ունեի հարցնելու,— պատասխանեց երիտասարդը, ուրախ դեմք՝ ընդունելով։— Առաջիկա շաբաթ երեկո հավաքվում եք ինձ մոտ՝ կարդալու պարոն Սիրաքի նոր վեպը։ Դա արդեն վճռված է։ Թե ովքե՞ր պետք է հավաքվեն, բոլորի անունները հայտնեցիր ինձ։ Բայց մեկը մնաց ինձ համար անհայտ, արդյոք «նա» էլ լինելո՞ւ է։ Օրիորդը զարմացած կերպով նայեց երիտասարդի երեսին և փոքր-ինչ մտածելուց հետո պատասխանեց.

— Ինչո՞ւ չէ, եթե ցանկանում ես, նրան էլ կբերենք մեզ հետ: — Ցանկանում եմ, Վարդուհի, իմ բոլոր բաղձանքներով ցանկանում եմ։