Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/266

Այս էջը հաստատված է

Երիտասարդի անակնկալ ոգևորությունը նոր զարմանք պատճառեց օրիորդին։ Նկատելով, որ խոսակցությունը մի բավական լուրջ առարկայի էր վերաբերում, նա շտապով դատարկեց թեյի բաժակը և, մատով թափ տալով պապիրոսի ծայրին երկարացած մոխիրը Հայրապետի մեծ ջանքերով մաքրած հատակի վրա, սկսեց ագահությամբ ծխել։ Նա ծխում էր և անդադար թափ էր տալիս մոխիրը երբեմն հատակի վրա, երբեմն գրասեղանի վրա ածած թղթերի վրա, բոլորովին մոռանալով մոխրամանը, որ յուր մոտ դրած էր։

-Ինչո՞ւ այդպես շփոթվեցար, Վարդուհի,— ծիծաղելով հարցրեց երիտասարդը։

-Ասա՛ խնդրեմ, Ռուբեն,— հարցրեց նա վրդովված ձայնով,— ի՞նչ ես գտել այդ դատարկ, թեթևամիտ օրիորդի մեջ, որ նրան մոռանալ չես կարողանում։

-Ուղիղն ասած, ես ինքս դեռևս չգիտեմ, թե ինչ եմ գտել նրա մեջ։ Բայց նրանում կա մի բան, մի անբացատրելի, սքանչացնող բան, որ ինձ հանգստություն չէ տալիս։

Խոսակցությունր օրիորդ Ադա-Պարոնովի մասին էր:

-Ամեն անգամ, երբ տեսնում եմ նրան,— շարունակեց երիտասարդը ավելի ոգևորությամբ,— ամեն անգամ, երբ անցնում է նա իմ պատշգամբի վրայով և, մի կողմնակի հայացք ձգելով դեպի իմ սենյակի լուսամուտը, գնում է յուր մորաքրոջը տեսնելու, կարծես իմ սիրտը յուր հետն է տանում։

Պարոն Արուսյանի բնակարանին կից սենյակներում յուր միակ դստեր հետ ապրում էր մի այրի կին, որը Աղա-Պարոնովի կնոջ քույրն էր։ Իր երկու սենյակները պարոն Արուսյանը վարձել էր նրանից, որովհետև նրանց համար ավելորդ էին։ Այդ այրին ամբողջ քաղաքում հայտնի էր թե յուր ագահությամբ և թե յուր ժլատությամբ։ Պարոն Արուսյանի ամսական 25 ռուբլի վճարը այնքան մեծ վարձ էր երկու փոքրիկ սենյակի համար, որ նա միշտ դողում էր յուր բնակչի վրա, մի գուցե կորցնե նրան։ Իսկ պարոն Արուսյանը յուր կողմից միշտ պատրաստ էր գոհացնել իր տան տիկնոջր. որովհետև այդ բնակարանը նրան թե՝ դյուրություն և թե մի առանձին հաճություն էր պատճառում, երբ ամեն անգամ օրիորդ Անիչկան՝ Աղա-Պարոնովի դուստրը, նրա լուսամուտների առջևից անցնելով, գնում էր յուր մորաքրոջը կամ մորաքրոջ աղջկան տեսնելու։

Օրիորդ Վարդուհին, ծխելով ձեռքի պապիրոսը, կամեցավ երկրորդը վառել, բայց թղթակապոցի մեջ պապիրոս չէր մնացել։ Պարոն