Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/270

Այս էջը հաստատված է

նրան, ինքը շատ ուրախ կլինի, եթե կմտնե յուր մոտ։ Նա ներս մտավ.․․

Այդ միջոցին ներս մտավ Հայրապետը, ծանրաբեռնված յուր գնած մթերքներով և ընդհատեց հետաքրքիր պատմությունը։

— Ցտեսություն,— ասաց թախծալի ձայնով Վարդուհին և դուրս եկավ երիտասարդի սենյակից։

Օրիորդի տխրությունը զարմացրեց բարեսիրտ Հայրապետին, որը ապշած կերպով երկար նայում էր նրա ետևից և երևակայել անգամ չէր կարող, որ նա իր բերած ուտեստների վրա ուշադրություն չի դարձնի, մանավանդ որ ինքն էր պատվիրել։

Պարոն Արուսյանը նույնպես զգացվեցավ...


Միևնույն շաբաթ օրվա երեկոյան պահուն, երբ պարոն Արուսյանը և Աղա-Պարոնովը, միասին դուրս գալով քարվանսարայից, իսկույն բաժանվեցան միմյանցից, և երբ առաջինը ուղղակի դիմեց դեպի իր բնակարանը, ուր ինչո՛վ էր զբաղված, մեզ հայտնի է, վերջինը, Աղա-Պարոնովը, ընդհակառակն, գնաց զբոսնելու։

Երեկոն զով էր և լուսնային։ Գալավինսկի պրոսպեկտը լցված էր խուռնք խայտաճամուկ բազմությամբ։ Ոմանք ցիլինդրներով, ոմանք ֆուրաշկաներով, ոմանք փափախներով, ոմանք բաշլիկներով, ոմանք չալմաներով, ոմանք ֆեսերով, մի խոսքով որքան գլուխներ՝ այնքան և գլխարկներ,— մի բազմատարազ և բազմալեզու խառնուրդ, որ ներկայացնում էր կիսաասիական և կիսաեվրոպական քաղաքի գույնզգույն հասարակությունը։

Անասունների հասարակությունն ևս նույն բազմասեռ խառնուրդն էր ներկայացնում։ Մրգավաճառների իշաները ամեն անգամ համառությամբ կտրում էին ճանապարհը։ Ածխավաճառների ջորիները, առանց աջ ու ձախ նայելու, տրտինկ տալով, վազում էին դեպի իրանց գիշերային իջևանը։ Դրանց թվում, փալանը ուսին, գլուխները քաշ գցած, գործից վերադառնում էին Հայաստանի հոգնած մշակները, որովհետև նրանց թույլ չէին տալիս բուլվարներով անցնել և իրանց հնամաշ փոշեպատ հագուստներով քսվել մաքուր հասարակության։ Կարճահասակ թարաքաման, ահագին մոթալ փափախը գլխին, ետևից քաշ էր տալիս ուղտերի քարավանը։ Անասունների դահիճ սայլապանը ձեռքի երկար վարոցով անխնա և առանց պատճառի գանակոծելով լծած գոմեշներին և անդադար