Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/277

Այս էջը հաստատված է

— Ա՛յ, ինչի համար քեզ բերեցի այստեղ,— ասաց Յակուլ Յակուլիչը ծանր կերպով,— ուզում էի խնդրել, որ հավաքվեին, այն խեղճ Մակար Մակարիչի գործը կարգի դնեինք։

Մակար Մակարիչի անունը լսելուն պես Սերգեյ Եգորիչը վրդովված կերպով տեղից վեր թռավ և, դառնալով դեպի յուր խոսակիցը, ասաց.

— Թե աստված կսիրես, նրա անունը ինձ մոտ մի՛ տուր, ես լսել չեմ ուզում այն անպիտանի անունը։

— Խեղճ է, Սերգեյ Եգորիչ, օղլուշաղի տեր է, ինչո՞ւ պարապ մնա։ Երբ որ պարտատերներից կազատվի, էլի կգնա մի գործի կկպչի և մի կտոր հաց կաշխատե յուր երեխանց համար։ Նրա երեխաներին խղճա, Սերգեյ Եգորիչ։

— Խնդրում եմ, որ նրա անունը չտաս, թե չէ, ես կգնամ։ — Նա կամենում էր հեռանալ, բայց ոտքերը հետը չէին գնում։ Յակուլ Յակուլիչը բռնեց նրա ձեռքից և, կրկին նստացնելով յուր տեղը, դարձյալ խորհրդավոր ձայնով շշնջաց.

— Համբերություն ունեցիր, Սերգեյ Եգորիչ, ուրիշ բան կա...

— Ինչ բան էլ որ լինի, ինձ համար միևնույն է, Յակուլ Յակուլիչ,— պատասխանեց նա մի առանձին ինքնահաճությամբ։— Դու գիտես, որ ես ճշմարտություն սիրող մարդ եմ, բայց նրա գործերի մեջ ճշմարտություն չեմ տեսնում, այդ է պատճառը, որ ինձ հեռու եմ պահում։

— Օրհնած, հիմա ո՞ւմ գործերի մեջ ճշմարտություն կա,— նկատեց Յակուլ Յակուլիչը խորին համոզմունքով։— Ճշմարիտը միայն Հիսուս Քրիստոսն է, մեկ էլ մեր Մողնու սուրբ Գևորգը։

— Ես խո չեմ կարող թաթախվել ցեխի մեջ, Յակուլ Յակուլիչ։ Թող ուրիշները կարգի դնեն, ինչպես որ կամենում են։

— Առանց քեզ բան գլուխ չի գա, ամենքը քեզ են մտիկ անում, Սերգեյ Եգորիչ։

— Ինչ անեմ, որ ինձ են մտիկ անում, Յակուլ Յակուլիչ։ Ես խո չեմ կարող հոգիս կորցնել։ Նա յուր եղած֊չեղածը տակով է արել, հիմա ուզում է, մանեթին մի աբասի տալով, պարտքերից պրծնել։ Դա ի՞նչ խղճմտանք է։ Ես ումի՞ց կտրեմ՝ նրան տամ։ Եթե նա խեղճ է, ուրիշները խեղճ չե՜ն։ Եթե նա երեխաների տեր է, ուրիշները երեխա չունե՞ն։ Ամեն մարդու մի կոպեկը յուր համար թանկ է։

Նա դարձյալ վեր կացավ, կամենում էր հեռանալ, բայց Յակուլ Յակուլիչը բռնեց նրա ձեռքից։