Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/278

Այս էջը հաստատված է

— Ինձ մի՛ նեղացրու, Յակուլ Յակուլիչ,— ասում էր նա ձեռքը քաշ տալով։— Ես երդվել եմ, որ այդ կեղտոտ գործին չխառնվեմ։

— Նայիր, ուրիշ բան եմ ասում,— թախանձում էր Յակուլ Յակուլիչը։

Սերգեյ Եգորիչը դարձյալ նստեց։

Խոսակցությունը մի սնանկացած վաճառականի մասին էր, որի մնացած կայքով մտածում էին բավականություն տալ պարտատերերին։

Յակուլ Յակուլիչը գլուխը խոնարհեցրեց դեպի ճշտություն սիրող և կեղտոտ գործերից իրան հեռու պահող մարդու ականջը և կամաց ասաց․

— Այն տեղի բանը դրստել եմ...

— Ի՞նչ տեղ,— հարցրեց Սերգեյ Եգորիչը։

— Այն տեղը, որի համար հազարներ էիր տալիս, բայց նա չէր տալիս։ Հիմա քեզ է պատկանում, կարող ես բոլորովին ձրի ունենալ։

Ճշմարտասերը մտածության մեջ ընկավ։

— Չէ՛, չէ՛,— պատասխանեց նա հրաժարվելով։— Թե ինձ սիրում ես, Յակուլ Յակուլիչ, այսպիսի բան մի՛ ասա։ Եթե տեղն ու տեղը ոսկի լինի, ինձ այլևս պետք չէ այն հողը։

Յակուլ Յակուլիչի առաջարկությունը, թեև արտաքուստ խռովություն պատճառեց ճշմարտասերին, բայց ներքուստ անսպասելի կերպով մեղմացրեց նրա համառությունը։ Խնդիրը մի կտոր գետնի մասին էր, որ պատկանում էր սնանկացած Մակար Մակարիչին, և որը մտել էր Սերգեյ Եգորիչի մի ընդարձակ կալվածքի մեջ, ուր ցանկանում էր նա նոր շենք կառուցանել։ Քանիցս Սերգեյ Եգորիչը բավական բարձր գին էր առաջարկել այդ մի կտոր գետինը գնելու համար, որպեսզի կարողանա ամբողջացնել յուր կալվածքը, բայց միշտ մերժում էր ստացել։ Եվ այդ հողը ձեռք բերել չկարողանալու պատճառով, երկար ժամանակ նա յուր շենքը կառուցանել չէր կարողանում։ Այժմ «մատաղը յուր ոտովն էր գալիս նրա դուռը»։ Հողատերը ձրի էր առաջարկում յուր սեփականությունը։ Պետք էր նրա դրությունից օգուտ քաղել։ Բայց մի քանի դժվարություններ կային։

— Լավ,— հարցրեց Սերգեյ Եգորիչը,— դիցուք թե Մակար Մակարիչը շատ կցանկանար յուր հողը ինձ տալ, բայց ի՞նչպես