Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/279

Այս էջը հաստատված է

թույլ կտան նրա պարտատերները։ Նրանք իսկույն օրենքով արգելքի ներքո կդնեն կամ գուցե արդեն դրած են։

— Չեն դրած,— պատասխանեց Յակուլ Յակուլիչը գործագետ մարդու եղանակով։

— Միևնույն է։ Այդ հողը, որպես սնանկացած մարդու կայք, այժմ կհամարվի բոլոր պարտատերների սեփականություն, որ պետք է բաժանման ենթարկվի։

— Բայց պարտատերներից ամենագլխավորը դու ես, Սերգեյ Եգորիչ։

Սերգեյ Եգորիչը զարմացած կերպով նայեց նրա երեսին, թեև մթության մեջ չկարողացավ նկատել այն խորհրդավոր ժպիտը, որ այդ միջոցին երևաց Յակուլ Յակուլիչի դեմքի վրա։

— Չե՞ս հասկանում, պարտատերներից ամենագլխավորը դու ես,— կրկնեց նա։

— Ի՞նչպես ես եմ։ Նա ինձ ոչինչ պարտական չէ,— ասաց Սերգեյ Եգորիչը։

— Պարտական կլինի...,— պատասխանեց ծերունի վարպետը, յուր շուրջը նայելով։— Ինձ Յակուլ Յակուլիչ կասեն, ես բոլորը մտածել եմ, քեզ համար մտածեք ու ոչինչ չեմ թողել... Նա կրկին նայեց յուր շուրջը և հազիվ լսելի ձայնով շարունակեց.

— Նա քեզ վեքսիլներ կտա, հասկանո՞ւմ ես, այնպես «задним числом»... Դու կլինիս պարտատերներից մեկը, և ամենամեծ պարտատերը... Մյուսները մանեթին մի աբասով դուքնի ապրանքը կտանեն, իսկ դու կվերցնես հողը..․ Լավ չե՞մ սարքել։

Աղա-Պարոնովը որքան և հեռու էր բարոյական սրբությունից, այնուամենայնիվ, նա բացարձակ կերպով կաշառք ընդունելու սովորություն չուներ։ Ամեն գործի մեջ արտաքին ձևը նրա համար մեծ նշանակություն ուներ։ Նա մտածեց խարդախությունը բարերարության կեղևի մեջ պատել։ Այդ էր պատճառը, որ յուր համարմունքը յուր խոսակցի մոտ պահպանելու համար՝ պատասխանեց.

— Եթե միլիոններ օգուտ ունենայի, ես այդ բանը չէի անի, Յակուլ Յակուլիչ, բայց այդ մարդու ընտանիքին լավություն անելու համար՝ ընդունում եմ քո խնդիրքը։ Ես վերջը նրա հողի արժեքը դարձյալ իրան կտամ, որ ընտանիքը քաղցած չմնա։ Դու գիտես, որ ես խղճմտանքով մարդ եմ։

— Գիտեմ, Սերգեյ Եգորիչ, ո՞վ չգիտե, որ դու խղճմտանքով մարդ ես,— ասաց Յակուլ Յակուլիչը խորին համոզմունքով։— Թե