Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/285

Այս էջը հաստատված է

կար այդ հյուրանոցի և վերին հարկերում գտնվող խանութների մեջ։ Ամբողջ օրը յուր արշինով զբաղված վաճառականը մի առանձին բավականություն էր զգում, երբ գիշերը ներքևում ազատություն էր տալիս յուր կամքին և կրքերին։ Վերևում՝ ցերեկը անց էին կացնում փող որսալով, իսկ ներքևում՝ գիշերը անց էին կացնում սեր և հաճույք որսալով։ Վերևում դժոխք, ներքևում — Սոդոմ...

Օթյակների թվում կար մի առանձնացած և մեկուսացած սենյակ, որի դռները բոլոր այցելուների համար միշտ փակ էին։ Այնտեղ յուրաքանչյուր շաբաթ գիշեր հայտնվում էր մի պարոն, որ բանալին յուր հետ ուներ։ Մյուս բանալին պահվում էր հյուրանոցի տիրոջ մոտ։ Պատրաստ սեղանը ամեն շաբաթ գիշեր սպասում էր յուր սովորական հյուրին, որ գալիս էր, մի որևէ հյուր ևս յուր հետ քերելով։ Պատահում էր, որ նա ամենևին չէր գալիս, բայց սեղանը նշանակած ժամին պետք է անպատճառ պատրաստ լիներ։

Այս գիշեր նույնպես պատրաստ էր։

Այդ ամեն փափկություններով քնքուշացրած հանգստարանը սպասավորների լեզվում հայտնի էր անունովս «կարմիր սենյակ»։ Եվ իրավ, կարմիր գույնը նրա սարք ու կարգի մեջ մեծ տեղ էր բռնում։ Նա բոլորովին լուսամուտներ չուներ, բացի միակ դռնից, այնուամենայնիվ, չորեքկողմից պատած էր կարմրագույն կեղծ թավշի թանձր վարագույրներով, որ լայն ծալքերով առաստաղից իջել էին մինչև հատակը։ Այդ շռայլությունը ոչ այնքան զարդարանքի համար էր, որքան արգելք դնելու համար սպասավորների խորամանկ հետաքրքրությանը, որոնք սովորություն ունին պատերի կամ դռների մեջ աննկատելի ծակեր բաց անել գաղտագողի կերպով նայելու համար, թե ի՛նչ է գործվում ներսում։ Մի կողմում դրված էր ասիական թախտ, որ ծածկված էր գեղեցիկ գորգով։ Նախշուն մութաքաներն ու բարձերը իրանց պատշաճավոր տեղն էին բռնում թախտի վրա։ Հատակը պատած էր նույնպես նախշուն կապերտներով։ Վարագույրների միջից երևում էին զանազան պատկերներ՝ նկարված վառ գույներով, որ ներկայացնում էին մերկ կանայք խիստ հրապուրիչ դիրքերով ու ձևերով։ Նրանց թվում սխալմամբ ընկել էր Նապոլեոն 1-ի պատկերը։ Արհեստական ծաղիկներով պսակած փոքրիկ հայելին զարդարում էր փոքրիկ սենյակի ճակատը։ Տեղ-տեղ պատերի վրա նշմարվում էին մատիտով գրած արձանագրություններ։ Չնայելով ծառաների մեծ ջանքերին, որ գործ էին գրված նրանց եղծելու համար, դարձյալ կիսով չափ կարդացվում