Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/288

Այս էջը հաստատված է

կարմիր վարագույրների վրա, ամբողջ շրջակայքը վառում էր վարդագույն լուսավորությամբ։

Դրսի դռան բանալին զգուշությամբ շարժվեցավ։ Լսեք նա ևս պահպանելով իր ծիծաղելի դիրքը, իրան ձևացրեց իբրև քնածդ: Ներս մտավ Սերգեյ Եգորիչ Աղա-Պարոնովը — Թիֆլիսի պատվավոր քաղաքացին և պատվավոր վաճառականը։


Նա դուռը կրկին կողպեց յուր ետևից և, մի ըղձալի ակնարկ ածելով «կարմիր սենյակի» շուրջը, ապա կամաց մոտեցավ պարսկական թախտի վրա կեղծ քնով ընկողմանած կնոջը։ Նայեց, և նրա կարճ խուզած շրթունքները շարմվեցան ինքնաբավական ժպիտով։ Մի քանի րոպե այնպես կանգնած, խորին հոգեզմայլությամբ նայում էր և մի թեթև շշունջ անգամ չէր հանում, մի գուցե նրան զարթեցնե և իրան զրկե այն հաճելի տեսարանից։ Լամպայի վարդագույն լուսավորության մեջ՝ ավելի սքանչելի կերպով երևան էին գալիս հարուստ մարմնի հրապուրիչ գծերը։ Կիսամերկ կուրծքը թեթև կերպով բարձրանում էր և մեղմ շնչառությունը թափանցում էր Սերգեյ Եգորիչի մինչև հոգու մեջ։ Նա դեռ շարունակում էր նայել։ Բայց երկար դիմանալ չկարողացավ, խոնարհվեցավ և կամաց համբուրեց մերկ ոտքի ծայրը։ Հետո անցավ դեպի գլխի կողմը։ Ձեռքը տարավ դեպի սիրուն կուրծքը, կամենում էր շոշափել, բայց վախենալով, կրկին հետ քաշեց։ Դժվար է նկարագրեջ այդ պառավ տարփածուի տարօրինակ շարժումները, նրա ախտաբորբոք դեմքը, թե ո՛րպիսի ծիծաղելի արտահայտություն էր ստացել։ Նա անդադար կռանում էր, կրկին պարզվում էր և հոտ քաշելով պտույտ էր գալիս պարսկական թախտի շուրջը: Այդ րոպեում նմանում էր նա մի կատվի, որ խորին հրճվանքով պտտվում է թակարդի մեջ ընկած մկան շուրջը, որ երեխաները զվարճության համար դնում են նրա առջև։ Սերգեյ Եգորիչը նույնպես անդադար թաթը մեկնում էր և կրկին հետ էր քաշում: Խորամանկ կինը դեռ պահպանում էր իր դիրքը: Նա կամենում էր փորձել Սերգեյ Եգորիչի սիրո աստիճանը և յուր մեջ ծիծաղել նրա հիմարություններով։ նա սկսեց կամաց շոշափել շառագունած երեսը։ Կոշտ մատնեքի խտտանքը իբր թե արթնացրին նրան, քնաթաթախ գլուխը վեր բարձրացրեց, ինչ-որ մրմնջաց և կրկին դրեց բարձի վրա։ Սերգեյ Եգորիչը զգուշությամբ անցավ ոտների կողմը և աչքերը զլած