Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/292

Այս էջը հաստատված է

— Դոլուբաշի։

— Դալիբաշի,— կրկնեց օրիորդը չմոռանալու համար:

— Դոլուբաշի,— ուղղեց Սերգեյ Եգորիչը:

Օրիորդը դարձյալ կրկնեց նույն արտասանությամբ։

— Միևնույն է՝ «դոլուբաշի» թե «դալիբաշի»,— նկատեց Սերգեյ Եգորիչը ժպտալով։— Երկուսն էլ միևնույն պաշտոնն են կատարում։

Օրիորդը չհասկացավ Սերգեյ Եգորիչի արտասանությունը։

— Բայց այն պայմանով,— ասաց նա,— որ «կենացները» մեր օթյակի սահմանից դուրս չպիտի անցնեն։

— Ի՞նչպես,— հարցրեց Սերգեյ Եգորիչը։

— Կամենում եմ ասել, որ այս օթյակը մի գեղեցիկ աշխարհ է, սիրո և զվարճության աշխարհ։ Ունի յուր բախտավոր և անբախտ արարածները, ունի յուր երևելի և աներևույթ ոգիները, որ թևատարած հովանավորում են այցելուներին։ Կխմենք նրանց կենացը։ Ես սկսում եմ առաջինից։ Նայիր դեպի այն պատկերը։

Սերգեյ Եգորիչը նայեց դեպի այն կողմը։

— Տեսնո՞ւմ ես, անտառ է։ Ծառերը դեռ պատած են վաղորդյան մշուշով։ Արևի առաջին ճառագայթները ոսկեջրել են մի կողմը միայն։ Մյուս կողմը դեռ ընկղմված է անսահման մթության մեջ։ Անտառի միջից աղմկելով վազում է լեռնային գետակը, արծաթափայլ ալիքները շողշողալով ժպտում են երկնային ճառագայթների առջև։ Մի խումբ գեղուհիներ լողանում են սառն ալիքների մեջ։ Ջուրը փրփրում է, ջուրը փոթորկվում է նրանց ուրախ խաղերից։ Դրանք անտառային հավերժահարսունք են, ծառերի և ծաղիկների ոգիներն են։ Մի քանիսը, այնպես կիսամերկ, գետից դուրս գալով, նրա ափերից ծաղիկներ ու կանաչներ են փնջում իրանց գլուխը պսակելու համար։ Մի քանիսը փունջերը ձգել են ջրի երեսին, ջուրը տանում է, և նրանք լողալով շտապում են, որ բռնեն։ Մի քանիսը քաշ են ընկած գետի եզերքը հովանավորող ծառերի ոստերից, պտուղներ են քաղում։ Նայի՛ր, ինչպես սքանչելի կերպով նկարված է այն մարմինը, որ ձեռքերը մեկնել է դեպի վայրենի շլորենու ոստը։ Նայի՛ր ուսերին, նայի՛ր սրունքներին։ Յուրաքանչյուր անդամը, յուրաքանչյուր մասը մերկ մարմնի, բովանդակում է յուր մեջ անսպառ երանություն։ Աչքդ դարձրու դեպի այն կողմ, ուր թուփերի մթության միջից հազիվ նշմարվում է մի գանգրահեր գլուխ։ Նա ընկած է կուրծքի վրա և ագահ աչքերով նայում