Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/306

Այս էջը հաստատված է

մարդիկը, որ կոչվում են խաչագողներ»։ Թողյալ այդ, Սավրան ուներ յուր մի քանի այլ գեղեցիկ կողմերը.— բնությունն այնտեղ հիանալի էր, կնիկները ավելի սիրուն էին, քան Սալմաստա մյուս գյուղերում, հագնվում էին մաքուր և չափազանց հրապուրիչ էին։ Մի քանիսը արդեն պարսից շահի կանանոցի զարդն էին դարձել և նրանց ազգականները մշտական թոշակ էին ստանում։ Սավրայի տները, հովանավորված սքանչելի պարտեզներով, պահվում էին ամենայն հստակությամբ։

Բայց ինձ ավելի գրավում էին խաչագողները։

Ճշմարիտն ասած, շատ հետաքրքրական էր, այդ մոլաշրջիկների հյուրասեր սեղանի մոտ նստած, նրանց հետ գավաթներ դատարկել և լսել նրանց թափառական կյանքի երկար ու երկար պատմությունները, որոնք լի էին սարսափելի արկածներով։ Խաչագողը միշտ մի առանձին պարծանքով է պատմում յուր արարմունքը։ Նա յուր խաբեությունների, խարդախությունների և այլ չարագործությունների վրա նայում է որպես քաջագործության վրա։ Նա քաջություն է համարում անազնվությունը, նենգավորությունը, որովհետև նրանց միջոցով կարողացել է շատ անգամ ահագին գումարներ ձեռք ձգել, թեև խիստ հաճախ ենթարկել է յուր անձը սոսկալի վտանգների։

Սավրան խաչագողների որջն էր։

Սալմաստա մեջ թեև ամեն մի հայաբնակ գյուղում կարելի էր գտնել խաչագողներ, բայց չկա Սավրայի պես մեկը, ուր ամբողջ բնակիչները իրանց նվիրած լինեին մի այնպիսի կեղտոտ պարապմունքի։ Ո՞րտեղից էր մտել այդ արհեստը նրանց մեջ,— դժվար է բացատրել, միայն այնքան ընտելացել էին մի այնպիսի գործունեության, որ համարյա նրանց համար կենսական պահանջ էր դարձել։

Մտնում ես Սավրա գյուղը։ Փողոցների մեջ խաղում է երեխաների բազմությունը։ Մտածում ես, թե ամբողջ աշխարհի երեխաներից մի-մի հատ այստեղ է բերված։ Նրանց վրա տեսնում ես ամեն երկրի, ամեն ազգերի հագուստները ու գլխարկները։ Այդ ի՞նչ հրաշք է։ Սկսյալ Չինաստանից, Հնդկաստանից, Աֆրիկա, Ամերիկա մինչև Եվրոպայի ամենախուլ անկյունները,— ամեն տեղի հագուստով երեխաներ ես տեսնում։ Տղամարդիկը նույնպես ման են գալիս բազմատեսակ հագուստներով։ Հետո հասկանում ես, որ այդ թափառականները, օտար երկրներից վերադառնալու ժամանակ, բերել են իրանց երեխաների համար նույն երկրների հագուստները։