Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/309

Այս էջը հաստատված է

և հիմնեցին չորս գյուղեր։— Հին֊Նախիջևանի գավառում Թումբուլ և Յարըմջան գյուղերը, Դար֊Ալադաղի գավառում՝ Փռո գյուղը, իսկ Շարուրի մեջ՝ Դաշ֊Արխ գյուղը։

Փոխելով իրանց հայրենիքը՝ Պարսկաստանը, և զետեղվելով Երևանա նահանգում, խաչագողների գաղթականությունը չփոխեց յուր հին արհեստը։ Կարճ ժամանակում նրանք տարածվեցան Ռուսաց կայսրության ամենահեռավոր գավառներում, սկսեցին գործ գնել իրանց խաբեությունները։ Ռուսներն այդ ժամանակ դեռ նոր էին տիրել Երևանյան նահանգը։ Կառավարությունը ուշադրություն դարձրեց յուր նոր հյուրերի՝ խաչագողների վրա։ Արգելվեցավ նրանց անցաթուղթ տալ[1] կամ բաց թողնել Անդրկովկասից դուրս դեպի կայսրության այլ կողմերը։ Իսկ այդ կարգադրությունը չէր արգելում խաչագողներին զանազան խաբուսիկ միջոցներով կեղծ անցաթղթեր ձեռք բերել և գնալ, ուր որ ցանկանում էին։ Նրանք հայտնվում էին Ռուսաստանի ամենախուլ կողմերում, ըստ մեծի մասին հույն աբեղաների անունով, որպեսզի, ռուսների հետ կրոնակից ձևանալով, գրավեն նրանց համակրությունը։

Խաչագողները ոչ միայն իրանց վրա դարձրին կառավարության ուշադրությունը, այլ ռուսաց մամուլն անգամ մի ժամանակ զբաղվեցավ նրանցով։ Ն. Ֆ. Դուբրովինը, Անդրկովկասի հայտնի պատմագիրը, յուր էտնոգրաֆիական նկարագրությունների մեջ հայերի վերաբերմամբ, խոսում է միևնույն ժամանակ խաչագողների մասին։ Պ. պ. Մասլովսկին, Ե. Մելեշկո և Զելինսկին իրանց գրվածքների մեջ նույնպես խոսում են խաչագողների մասին[2]։

Առհասարակ ռուս գրողների կարծիքը խաչագողների մասին այն է, թե դրանք իսկական հայեր չեն, այլ մի տեսակ հայ ցիգաններ են (միջին դարերի race maudite-ների նման), նրանք թեև խոսում են հայերեն, բայց ունեն իրանց առանձին լեզուն և սովորությունները. թե ըստ մեծի մասին վաճառում են ամբողջ աշխարհում քրիստոնեական սրբություններ, թափառում են Ռուսաստանում հույն կրոնավորների անունով, և պանդխտության մեջ միշտ խույս են տալիս իսկական հայերից, աշխատելով չհանդիպել նրանց, որպեսզի չճանաչվեն և այլն։

Թե խաչագողները հայ-ցիգաններ են և ոչ իսկական հայեր,—

  1. Նույն արգելքը մնում է մինչև այսօր:
  2. Այդ տողերը գրելու ժամանակ ես ձեռքի տակ չունեի հիշյալ աշխատությունները, միայն օգուտ քաղեցի պ. Մ. Միանսարյանի «Բիբլիոգրաֆիայի» Ա. հատորի 222, 228 և 229 երեսներից: