Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/310

Այս էջը հաստատված է

դա մի ենթադրություն է, որ դեռևս ապացուցված չէ, որը տակավին վիճաբանության ենթակա է։ Ես այդ կարծիքի դեմ ոչ ի նպաստ և ոչ հակառակ ասելիք չունեմ։ Միայն այսքան ավելորդ չենք համարում նկատել, որ բոլորովին սխալ է, թե խաչացողները առանձին լեզու ունեն։ Նրանք ունեն, որպես վերևում հիշեցի, մի տեսակ շինծու, հնացած, պայմանական լեզու,— նրանք ունեն արգո: Այդ է պատճառը, որ խաչագողների մի խումբի խոսակցությունը մյուս խումբին բոլորովին անհասկանալի է։ Եթե խաչագողը նույն լեզվով խոսե յուր կնոջ, յուր զավակների հետ, նրանք ևս ոչինչ չեն հասկանալ։ Եվ այդ լեզուն յուրաքանչյուր խումբի մեջ շուտ-շուտ փոխվում է, երբ նա փոքրիշատե հասկանալի է դառնում։

Ով որ փոքրիշատե ուսումնասիրել է, թե ինչ է նշանակում «ծտի լեզու» — «ճնճղկի լեզու» — «ագռավի լեզու»— կարող է գաղափար կազմել, թե նույնիսկ հայկական բառերի մեջ ավելորդ հնչյուններ մտցնելով (իհարկե կանոնավոր կերպով) կարելի է այնպիսի լեզու ստեղծել, որ մյուս հայը չէ կարող հասկանալ, եթե բառերի կազմության պայմանների հետ ծանոթ չէ։ Այս տեսակ լեզվի գործածությունը մինչև այսօր սովորական է մեր գավառացի հայերից շատերի մոտ։

Ես չեմ հերքում, որ մենք ունեցել ենք հայ-բոշաներ և այժմ ունենք։ Բայց հայ-բոշաների և խաչագողների թե՛ սովորությունների և թե կենցաղավարության պայմանների մեջ մեծ տարբերություն կա։ Հայ֊բոշաները ասիական մյուս ցիգան (չինգանե) ցեղերի նման հաստատաբնակ չեն, թափառական կյանք են վարում, ընտանիքով, ամբողջ խմբերով գաղթում են մի տեղից մյուս տեղ, երկրագործությամբ չեն պարապում։ Հայ-բոշաների կնիկները պարապում են կախարդություններով, պար են գալիս, երգում են, իսկ տղամարդիկը կամ նվագածուներ են, կամ պարապում են մի քանի ողորմելի արհեստներով, որպիսին են՝ մաղ գործել, զամբյուղներ հյուսել և այլն։ Դրանք խարդախներ, խաբեբաներ չեն։ Դրանք աղքատ, բայց միևնույն ժամանակ սակավապետ մարդիկ են։ Հարստանալու բարձր ձգտումներ չունեն։ Դրանց տիպը կատարյալ բոշայական է և պահպանել են բոշաների կենցաղավարության ձևերը։ Որոնց ընդհակառակն, խաչագողը հաստատաբնակ է, նա յուր ընտանիքը յուր հետ ման չէ ածում, տղամարդիկ թափառում են, բայց կնիկները իրանց տեղից չեն շարժվում։ Նա յուր հայրենիքում գեղեցիկ տնտեսություն ունի․ նրա տունը, պարտեզը, այգին, մշակության դաշտերը կարող են օրինակելի դառնալ ամենազարգացած երկրագործների