Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/311

Այս էջը հաստատված է

համար։ Բայց երբ տանից դուրս է գալիս նա, այն ժամանակ միայն սկսում է աֆֆերաների մեջ մտնել։ Խաչագողը շատ անգամ ոչնչով սկսում է ահագին դրամական շրջաբերությունների մեջ դեր խաղալ։ Նա սակավով չէ բավականանում. նա սարսափելի անհագ ձգտումն ունի մեծանալու, բարձրանալու և հարստանալու իսկ այդ անսանձ բաղձանքը ձգում է նրան խաբեբայությունների և խարդախությունների մեջ։ Խաչագողը և կառավարչական աստիճանների վրա, անվաստակելի եռանդով, աշխատում է միշտ դեպի վեր մագլցել։ Եղել են խաչագողներից այնպիսիները, որոնք անգլիացոց տիրապետությունից առաջ հնդկական թագավորների մոտ առաջին վեզիրի պաշտոն էին կատարում, կամ ամբողջ նահանգների փոխարքաներ էին։— Այդ բոլորը այն եզրակացության է հասցնում, որ խաչագողները եթե հայ֊բոշաներ չեն, իսկական հայեր ևս չեն։ Նրանք հայերի մի առանձին ցեղին են պատկանում։

Բայց ի՞նչ անուն է այդ — խաչագո՜ղ: — Ինչո՞վ ժառանգեցին նրանք այդ անունը։

Խաչագողները իրանց վարք ու բարքով արժանացան մի քանի այլ անունների ևս, որպիսին են՝ «պառավ խեղդող», «էշ ներկող», «սավրգեղցի» և այլն։ Ավելորդ չէր լինի այդ անունների համառոտ բացատրությունը հիշել։

«Խ ա չ ա գ ո ղ» ասում են նրանց այն պատճառով, որ շատ անգամ պատահել է, որ նրանցից մեկը իրան ձևացրել է որպես աբեղա և այս ու այն եկեղեցում կամ վանքում հոգևոր պաշտոն է ստացել։ Հետո աբեղան, տաճարի բոլոր խաչերն ու արծաթեղենները գողանալով, հանկարծ անհայտացել է։ «Պառավ խեղդող» կոչում են նրանց այն պատճառով, որ այդ մարդիկ շատ են սիրում մոտենալ հարուստ պառավներին, ծանոթանալ, բարեկամանալ նրանց հետ, իսկ երբ բոլորովին ընտանի են դառնում, մի օր խեղդում են պառավին և, բոլոր հարստությունը կողոպտելով, աներևութանում են։ «Էշ ներկող» կոչում են նրանց իրանց չափազանց ճարպկության համար գողության գործի մեջ։ Խաչագողը կարող է գողանալ մեկի, օրինակ, մոխրագույն էշը, հետո ներկելով՝ գույնը սևի փոխել և յուր առաջվա տիրոջ վրա վաճառել։ Տերը երբեք չէ կարող ճանաչել, թե այդ անասունը մի ժամանակ իրան էր պատկանում։ «Սավրգեղցի» կոչում են նրանց իրանց բնիկ գյուղի՝ Սավրայի անունով, որը գտնվում է Պարսկաստանի Սալմաստ գավառում։

Պարսկաստանի հայերի 1827 թվի գաղթականներից հետո, թեև Սավրա գյուղի բնակիչների մեծ մասը, որպես ցույց տվի վերևում,