Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/314

Այս էջը հաստատված է

Ա

ԹՈՒՅՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԱԹԻԼՆԵՐԸ

Ես հայր չեմ տեսել։ Մայրս ասում էր, որ ես դեռ չծնված, հայրս թողեց հայրենի երկիրը, դիմեց դեպի օտար աշխարհ և պանդխտության մեջ կորավ։

Երկար ժամանակ մենք նրա մասին տեղեկություն չունեինք. ոչ նամակ էինք ստանում և ոչ որևիցե լուր։ Մի անգամ հայտնվեցավ հորս պանդխտության ընկերը, բերեց նրա մատանին և, տալով մորս, հաղորդեց նրա մահվան բոթը։ Մեր դրացի կնիկները համոզում էին մորս, որ թաղել տա այդ մատանին գերեզմանատան մեջ և հորս համար մի հիշատակարան կանգնեցնե։ Բայց մայրս չկամեցավ, որովհետև նա ամենևին չէր հավատում, որ յուր ամուսինը մեռած է։ Նա վճռել էր սպասել երկար տարիներ, սպասել հորս վերադարձին։ Այդ պատճառով նա մերժեց հորս մահվան բոթը մեզ բերող մարդու ձեռքը, որ ցանկանում էր մորս հետ ամուսնանալ։

Մորս կոչում էին Նազանի. նա շատ գեղեցիկ կին էր և բարի, ո՞վ չէր սիրի նրան։ Բայց նա ասում էր, եթե յուր ամուսնի մահը ստույգ ևս լինի, դարձյալ ցանկություն չունի մարդու գնալու, որովհետև մտածում է յուր երեխաների համար։ Մենք, երեխաներս, չորս հոգի էինք,— մեկը ես և երեք քույրեր։

Գյուղը, ուր բնակվում էինք մենք, կոչվում էր Սավրա։ Դա Սալմաստա ամենագեղեցիկ գյուղերից մինն էր։ Շրջապատված ընդարձակ այգիներով, նա կարծես, թաքնված լիներ խիտ անտառների մեջ։ Նրա միջով հոսում էր Սոլա գետը և ոռոգում էր բոլոր այգիները։