Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/315

Այս էջը հաստատված է

Հորից զրկվելով, մենք մնացինք մեր քավոր Պետրոսի խնամակալության ներքո։

Քավոր Պետրոսը հայտնի էր մեր գյուղում որպես փորձված, խելացի և լավ մարդ։ Նա այնքան սիրելի էր ժողովրդին, որ բոլորը Նրա անունովն էին երդվում։ Դեռ ժամատան կոչնակի առաջին զարկի ձայնը չլսված, դեռ քահանաները չեկած, քավոր Պետրոսը եկեղեցու դռանը կանգնած էր լինում, սպասում էր, որ դռները բաց անեն, գնա յուր վաղորդյան աղոթքը կատարելու։ Նա այն տեսակ մարդկանցից էր, որ Սաղմոսը, Ավետարանը և Նարեկը ձեռքից բաց չեն թողնում, միշտ հոգու և աստծո արքայության վրա են մտածում։ Մայրս շատ ուրախ էր, որ յուր զավակները մի այդպիսի բարեպաշտ մարդու հոգաբարձությանն էին հանձնված։

Բացի քավոր Պետրոսից, մենք ուրիշ բարեկամ չունեինք։

Ես ունեի մի հորեղբայր միայն, որին կոչում էին Մինաս։ Նա մոտ հիսուն տարեկան մարդ էր։ Ես երբեք առանց սարսափելու չեմ կարող հիշել այդ մարդու միշտ ուրախ, միշտ անհոգ և վայրենի դեմքը։ Նա միանգամայն իրան տված էր զվարճության և ամբողջ օրերով տանը չէր գտնվում։ Մենք զարմանում էինք, թե ո՞րտեղից այնքան վատնում էր նա, որովհետև ոչ մի արհեստ կամ պարապմունք չուներ։ Նա երբեմն մի քանի ամիսներով, իսկ երբեմն մի քանի տարիներով անհետանում էր, չէր երևում և հանկարծ հայտնվում էր ոսկիներով լի քսակով։ Ի՞նչպես էր վաստակում, ի՞նչ հնարքով էր ձեռք բերում այդ ոսկիները,— ես հասկանալ չէի կարողանում, միայն տեսնում էի, որ նրա ոսկիների թվում կային ամեն պետության սիքքեներ: Կնշանակե, նա շատ երկիրներ էր թափառել․..։

Բայց հայի առածն ասում է, որ «քամու բերածն էլի քամին կտանի», այսպես էլ փայլուն ոսկիները նրա ձեռքում երկար չէին մնում, նա շուտով վատնում էր, դարձյալ մնում էր աղքատ, դարձյալ ապրում էր պարտքերով։ Պարտատերերը մեծ վստահություն ունեին իրա հաջողակության վրա, գիտեին, որ իրանց փողը չի կորչի, բավական էր միայն, որ Մինասը ոտքը դուրս դներ տանից, կրկին ձեռքն առներ պանդխտության գավազանը, այնուհետև փող վաստակելը նրա համար հեշտ էր...։

Իմ հորեղբայրը շաբաթը մի քանի անգամ հյուրեր էր ունենում: Ես երբեմն գնում էի նրանց տունը։ Հյուրերը ուտում էին, խմում էին, խոսում էին, ես միշտ մի առանձին հետաքրքրությամբ էի լսում նրանց խոսակցությունը։ Նրանք պատմում էին իրանց կյանքի զանազան